«Ասում էր՝ իմ ընկերներն էնտեղ զոհվել են, ես էստեղ ի՞նչ խղճով մնամ». մայրը որդու զոհվելուց հետո ասում է՝ «Զարմանում եմ՝ ոնց եմ ապրում»

48-ամյա Համեստ Վարդանյանը հուզմունքով ասում է, որ որդու զոհվելուց հետո զարմանում է, թե ինչպես է ապրում. «Կյանքը մի ակնթարթում իմաստազրկվեց։ Զարմանում եմ՝ ինչի եմ ապրում, Էլ ոչնչի մեջ իմաստ չկա՝ ոչ ապրելու, ոչ ուտելու, ոչ մի բանի»,- ասում է 48-ամյա կինը։

Համեստի որդին՝ 19-ամյա Հենրիկ Էլոյանը, 1 տարի 2 ամիս էր՝ ինչ մեկնել էր ծառայության Ջրականում, երբ պատերազմը սկսվեց։

Մայրը պատմում է, որ առաջին իսկ օրից Հենրիկը առաջնագծում է եղել, հոկտեմբերի 7-ին վիրավորում է ստացել, տեղափոխվել հոսպիտալ, սակայն վիրավորումը նրան չի խանգարել, որ վերադառնա դիրքեր և շարունակի պայքարը հակառակորդի դեմ։

«Ոտքի ու թևի բեկորը հանել են, ողնաշարի ու 7-րդ ողի բեկորը չեն կարողացել հանել, պետք ա վիրահատվեր, բայց նորից գնաց առաջնագիծ։ Որ ուզում էինք իրան պահեինք, ասում էր՝ իմ ընկերներն էնտեղ զոհվել են, ես էստեղ ի՞նչ խղճով մնամ։ Հոկտեմբերի 26-ին նորից դիրքերում էր»,- պատմում է մայրը։

Համեստի խոսքով՝ որդին գնացել էր Շուշի, այնուհետև՝ Կարմիր շուկա։ Մայրը հիշում է՝ հոկտեմբերի 28-ին որդին զանգել է, խոսել շատ բարձր տրամադրությամբ, ծիծաղով, սակայն հետագայում որդու ընկերներից տեղեկացել է, որ Հենրիկը սաստիկ ցավեր է ունեցել վիրավորվելու հետևանքով։

«Էդ օրը ընկերն ասել ա՝ արի բարձրանանք վերև, ասել ա՝ մեջքս ցավում ա, գնամ թիկնեմ «ԿամԱԶ»-ին։ «ԿամԱԶ»-ի մեջ զենք ա եղել, ժամը 12-ն անց 20-ի-մեկի հատվածում հակառակորդը ԱԹՍ-ով խփել ա «ԿամԱԶ»-ին, ու տղես միանգամից զոհվել ա»,- ասում է ու հուզվում մայրը։

Համեստն ասում է՝ մայրական սիրտը նույն պահին զգացել է, որ ինչ-որ բան է պատահել որդու հետ։

«Սուրճ էի խմում, սիրտս ահավոր ծակեց ու սեղմվեց… Ես բարձր գոռացի, ասեցի՝ վա՜խ, տեսնես՝ ինչ եղավ, որ սիրտս սենց ծակեց, հո էրեխուս բան չի՞ եղել։ 3 օր հետո իմացանք, որ էրեխեն զոհվել ա նույն ժամին»,- հուզմունքով վերհիշում է մայրը։

Համեստն ասում է՝ որդուց լուր չեն ունեցել, տեղեկացել են, որ «ԿամԱԶ»-ը տրաքել է, որտեղ իր որդին է եղել։ Նշում է՝ այդ լուրից հետո որդուն 2 ամիս փնտրել են ամենուր՝ հիվանդանոցներում, մորգերում։

«Տղայիս փնտրելու ժամանակ օգնում էր իր հրամանատարներից Կարեն Աթոյանը, ինքն էլ աչքից էր վիրավոր։ Դեկտեմբերի 31-ին ԴՆԹ-ի հաստատումը եկավ»։

Համեստը ցավով ասում է, որ այդ պահին ուրախացել էր, ուրախության առիթն այն էր, որ գոնե մարմինն է գտնվել։

«Ես արդեն հույս չունեի, որ կգտնեի։ Բոլոր մորգերում եղել էի, չէինք գտնում, հարյուրավոր երեխեքի էի շուռ տվել, ուսումնասիրել։ Որ ասեցին՝ ԴՆԹ-ն հաստատվել է, ուրախացել էի, խանութում էի, մարդիկ մտածեցին՝ էրեխուս ողջ եմ գտել»,- մորմոքով ասում է մայրն ու նշում՝ որդու մարմինը ճանաչել է ատամնաշարից և ողնաշարի վրա բեկորային վնասվածքի հատվածից։

Համեստն ասում է՝ որդու զոհվելուց հետո կյանքը ոչ թե 180, այլ 1000 աստիճանով է փոխվել։

Նշում է՝ ճիշտ է, աղջիկ ունի, բայց որդին ուրիշ աշխարհ էր իր համար։

«Ինքը էն մարդկանց շարքին էր պատկանում, որ ամեն ինչ կաներ, որ դու չնեղվեիր, քեզ լավ զգայիր»,- ասում է Համեստը։

Մայրն ասում է՝ ընտանիքին օգնելու համար որդին անգամ դպրոցական տարիքից աշխատանքի է անցել, որ կարողանա թեթևացնել տան հոգսերը։

«Ինձնից թաքուն գնացել, աշխատել ա սուպերմարկետում ու դպրոցում ուսուցչուհուն ասել ա՝ մամայիս չասեք, որ շուտ եմ դուրս գալիս։ Մամաս չի հասցնում, ես գնում եմ աշխատեմ։ Մի օր գործից շուտ եմ դուրս գալի, տեսնեմ՝ ինքը սուպերմարկետում փաթեթավորում ա անում»,- հիշում է ու կրկին հուզվում մայրը։

Համեստն ասում է՝ որդին լռակյաց էր, հանգիստ, ուներ սակավաթիվ ընկերներ, սակայն՝ ընտրված։

«Ում հետ ընկերություն է արել, ովքեր ողջ են, էդպիսի շաբաթ չկա, առիթ չկա, որ իմ տղային մոռանան»,- ասում է Համեստը։

Հենրիկը 9-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել էր ագրարային վարժարան՝ գինեգործական բաժինը։ Մայրն ասում է՝ որդին նաև սիրում էր համակարգչով զբաղվել և մտածում էր ծրագրավորում սովորել։ «Շատ երազանքներ ու նպատակներ ուներ, կիսատ մնացին»։

Համեստն ասում է՝ ամեն վայրկյան ու ամեն պահ զգում է որդու ներկայությունը: Ասում է՝ երբ շատ է լաց լինում, որդին երազում գալիս է և նախատում, որ այլևս չլացի։ 

«Փորձում եմ իր նկարից ու Եռաբլուրից հեռու լացել»,- ասում է մայրն ու նշում՝ կարոտը անսահմանը, ցավը՝ չփարատվող։

Հենրիկ Էլոյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:

Արիության մեդալը շնորհվում է հայրենիքի պաշտպանության, հասարակական կարգի պահպանության, ազգային անվտանգության գործում, քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարման, ինչպես նաև փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական կամ քաղաքացիական պարտքը կատարելու համար:

«Մարտական խաչ» շքանշանը շնորհվում է հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար:

Արփինե Արզումանյան

MediaLab.am