«Մտահոգիչ է, որ Լավրովը կրկնեց ադրբեջանական այն թեզը, թե 44-օրյա պատերազմի արդյունքում Մադրիդյան սկզբունքները կյանքի են կոչվել». Տիգրան Գրիգորյան


«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը

– Պարո՛ն Գրիգորյան, ինչպե՞ս եք գնահատում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի աշխատանքային այցը Բաքու, որի շրջանակներում նա հանդիպել է նաև նախագահ Իլհամ Ալիևի հետ: Սերգեյ Լավրովի հայտարարություններից ի՞նչ ուշագրավ հատվածներ կառանձնացնեք:

– Ապաշրջափակման գործընթացի վերաբերյալ Լավրովը կրկնեց մոտավորապես նույնը, ինչ հայտարարել էր Երևանում, բայց ինձ համար ամենամտահոգիչ հայտարարությունը, որը Լավրովն արեց Բաքվում, կապված էր Մինսկի խմբի ու Մադրիդյան սկզբունքների հետ: 

Մեծ հաշվով պարզ էր, որ Ռուսաստանն այլևս հետաքրքրված չէ Մինսկի խմբի ձևաչափի պահպանմամբ, այսօր Լավրովը Բայրամովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց այն մասին, որ Մինսկի խումբ գոյություն չունի: 

Բայց նա մեկ այլ շատ մտահոգիչ հայտարարություն արեց, կրկնեց ադրբեջանական այն թեզը, որ Մադրիդյան սկզբունքները ևս 44-օրյա պատերազմի արդյունքում կյանքի են կոչվել ու այլևս գոյություն չունեն, իսկ ապագա բանակցությունների հիմքը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է: 

Մտահոգիչ է նաև, որ, ըստ Լավրովի, Մադրիդյան սկզբունքները ենթադրում էին միայն նախկին ԼՂԻՄ-ից դուրս գտնվող տարածքների վերադարձն Ադրբեջանին, այսինքն՝ որևէ այլ կոմպոնենտ, ըստ նրա, Մադրիդյան սկզբունքներում չկար: Սա ամբողջովին համապատասխանում է Ադրբեջանի դիրքորոշմանը և, ցավոք սրտի, քիչ նպաստավոր է մեզ համար: 

– Եթե Մինսկի խմբի ձևաչափն այլևս չի գործելու, կողմերն ինչպե՞ս են իրականացնելու արցախյան հակամարտության հետագա կարգավորումը:

– Դե, Լավրովը հայտարարեց, որ գործընթացների հիմքը պետք է լինի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, այսինքն՝ Մոսկվան այս հարցով զբաղվող միակ միջնորդական ձևաչափ է համարում իրեն ու փորձում է վերջնականապես դուրս մղել Արևմուտքը Հարավային Կովկասից, ու պատճառներից մեկն իրականում դա է, թե ինչու այս ամիսների ընթացքում Ռուսաստանի դիրքորոշումը փոխվեց Մինսկի խմբի հարցում, որովհետև 44-օրյա պատերազմի ավարտից հետո Ռուսաստանը հայտարարում էր, որ այդ ձևաչափը պետք է գոյություն ունենա: 

Պատճառները երկուսն էին. այդ ընթացքում Ռուսաստանին պետք էր միջազգային լեգիտիմություն՝ իր միջնորդական առաքելության համար, ու, լինելով Մինսկի խմբի համանախագահ, նրանք ունեին այդ լեգիտիմությունը: Երկրորդն այն էր, որ այդ խմբի ձևաչափը Արևմուտքի հետ երկխոսության հավելյալ ինչ-որ մեխանիզմ էր: Հիմա արդեն այդ հարցերն արդիական չեն Ռուսաստանի համար, ու այդ առումով Ռուսաստանը փորձում է դուրս մղել կամ չեզոքացնել արևմտյան ազդեցությունը մեր տարածաշրջանում: Սկսած 1992 թվականից՝ Մոսկվան Մինսկի խումբը դիտարկել է արևմտյան ազդեցության գործիք մեր տարածաշրջանում:

– Պարո՛ն Գրիգորյան, այդ հայտարարությունները մտահոգիչ համարեցիք, կասեք՝ ինչո՞ւ:

– Վտանգներն ավելի շուտ երկարաժամկետ են, պարզ է, որ կարճաժամկետ ու միջնաժամկետ կտրվածքով կարգավիճակի հարց չէր էլ քննարկվի, բայց եթե մենք փորձում ենք երկարաժամկետ ապագայում Արցախի ինքնորոշման հարցի հետ կապված ինչ-որ նորմատիվ բազա ունենալ, ապա Մադրիդյան սկզբունքները այդ լավագույն նորմատիվ բազան էին, որովհետև դրանք առաջարկներ էին, որոնք կողմերին ներկայացվել էին միջնորդ երկրների կողմից, այսինքն՝ դա հակամարտության կարգավորման մասին միջազգային հանրության մոտեցումն էր, ու հիմա այդ միջնորդներից մեկը նշում է, որ այլևս չկան, որովհետև դրանք կյանքի են կոչվել պատերազմի միջոցով: 

Ռուսաստանը, մեծ հաշվով, նաև ճանաչում է պատերազմի միջոցով հակամարտության լուծման Ադրբեջանի իրավունքը, այսինքն՝ Մադրիդյան երեք հիմնարար սկզբունքներից մեկն էլ է մերժում՝ ուժի չկիրառումը: Մի խոսքով, երկարաժամկետ կտրվածքով, Հայաստանի համար Ռուսաստանի այս դիրքորոշումը շատ խնդրահարույց է: 

Այդ առումով պետք է աշխատել արևմտյան գործընկերների հետ, ցույց տալ, որ Բաքվի ու Մոսկվայի մոտեցումներն այս հարցի շուրջ, մեծ հաշվով, նույնական են: Իհարկե, զավեշտալի կլինի, եթե Արևմուտքն էլ այդ մոտեցումն ընդունի: Արևմուտք ասելով՝ ԱՄՆ-ն նկատի ունեմ, որովհետև տեսանելի է, որ Եվրամիությունը ևս նույն մոտեցումն ունի:

– Իսկ Արևմուտքը տարածաշրջանից հեշտությա՞մբ կհեռանա, թե՞…

– Իրականում, Արևմուտքի լծակները մեր տարածաշրջանում բավականին թույլ են, եթե խոսում ենք նույն Եվրամիության մասին՝ որևէ լծակ չունի, բացի ինչ-որ ֆինանսատնտեսական օգնության խոստումներից: ԱՄՆ-ն ևս վերջին 10 տարիների ընթացքում փորձում է կենտրոնանալ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վրա: 

Ռուսաստանի, ինչպես նաև Իրանի, Թուրքիայի լծակներն ու ազդեցությունը շատ ավելի մեծ են, իսկ տարածաշրջանի կենտրոնները, անշուշտ, մոտ ապագայում փորձելու են չեզոքացնել Արևմուտքի ազդեցությունը: Տեսնում ենք, որ կրկին ակտիվացել են խոսակցությունները այդ «3+3» ձևաչափի վերաբերյալ, այսինքն՝ գլխավորը տարածաշրջանայնացման միտումն է լինելու, որի միջոցով տարածաշրջանային ուժային կենտրոնները փորձելու են տարածաշրջանը զերծ պահել արտաքին ազդեցություններից:

– Խոսելով խաղաղության պայմանագրի վերաբերյալ սպասվելիք բանակցությունների մասին՝ Սերգեյ Լավրովը, ըստ էության, միայն նշեց ադրբեջանական կողմի առաջարկները ու նկատեց, որ ՀՀ վարչապետը դեմ չէ դրանց: Ինչո՞ւ ՌԴ արտգործնախարարը չհիշատակեց նաև հայկական կողմի արած վեցկետանոց առաջարկությունը:

– Երևի այն պատճառով, որ Ադրբեջանը չի ընդունում այդ առաջարկների փաթեթը, երկրորդ խնդիրն այն է, որ Հայաստանի այսպես կոչված առաջարկների փաթեթի մեջ, մեծ հաշվով, կոնկրետ առաջարկներ չկան, այդ վեց կետերից, բովանդակային առումով, քիչ թե շատ նշանակություն ունի երրորդ կետը՝ արցախահայության կարգավիճակի, իրավունքների ու անվտանգության վերաբերյալ: 

Այդ առումով փաթեթն ավելի թույլ էր, իսկ ադրբեջանական փաթեթը շատ ավելի կոնկրետ սկզբունքներ ու առաջարկներ էր պարունակում: Երևի դա էր պատճառը, որ այդ թվում նաև Ռուսաստանի պես երկրների ներկայացուցիչները շեշտն ավելի շատ դնում են ադրբեջանական ու ոչ թե հայկական առաջարկների վրա:

– Ստացվում է, որ եթե բանակցություններն այդ ուղղությամբ սկսվեն, հիմքում լինելու են ադրբեջանակա՞ն կողմի առաջարկները, պարո՛ն Գրիգորյան:

– Այնուամենայնիվ, կարծում եմ՝ Հայաստանը փորձելու է այդ կետերի մեջ խցկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, անվտանգության ու բնակչության իրավունքների հարցը, սակայն տեսնում ենք, որ Ադրբեջանը պատրաստ չէ քննարկելու դրանք, ու երևի հիմնական պատճառը դա է, որ մինչ այժմ այդ բանակցություններին մեկնարկ չի տրվել:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am