«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը
– Պարո՛ն Բադալյան, ռուս-ամերիկյան հարաբերությունների մասով ձեր դիտարկումներն եմ խնդրում, վերջին շրջանում շատ է խոսվում այդ մասին, կարծիքներ են հնչում, թե Դոնալդ Թրամփն «աշխատում է Պուտինի համար»: Ի՞նչ է կատարվում իրականում:
– Խոսել հնչող նմանատիպ տեսակետների մասին՝ իհարկե լուրջ չէ: Ինչ վերաբերում է սկսված երկխոսությանը, որը ըստ ամենայնի վերածվելու է բանակցային գործընթացի, որտեղ քննարկվելու են ոչ միայն Ուկրաինային, այլ նաև ընդհանուր աշխարհակարգին վերաբերող հարցեր ու տնտեսական, աշխարհաքաղաքական, լոգիստիկ և այլ հարցերին, բաղադրիչներին վերաբերող սակարկություններ, բնականաբար, այս երկխոսությունը, այս գործընթացը վճռորոշ նշանակություն կունենան ամբողջ միջազգային հարաբերությունների, այդ թվում նաև՝ Կովկասի համար:
Ինչպիսին կլինի այդ ազդեցությունը, իհարկե կախված է շատ գործոններից, այսինքն՝ բացի երկու կողմի՝ միմյանց միջև քննարկումներից, էական կլինեն նաև այլ տեսակետներ, մասնավորապես, առանձին կատեգորիայով Չինաստանի տեսակետը ու անշուշտ տարածաշրջանային, նաև եվրոպական մի շարք այլ խաղացողների մոտեցումներ և այլն: Հանրագումարում ինչպիսի՛ համաձայնությունների կգան, իհարկե, սցենարները կարող են տարբեր լինել:
– Իսկ Ուկրաինայի հարցում ի՞նչ հայտարարի կգան կողմերը: Կհաջողվի՞ Եվրոպային ու Ուկրաինային բանակցությունների մաս դառնալ, թե՞ ոչ:
– Ըստ էության, հիմա տեսնում ենք, որ գործընթացն առանց Ուկրաինայի մասնակցության է: Ինչ վերաբերում է Եվրոպային, նա փորձում է մասնակից լինել, բայց առայժմ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Ռուսաստանը մեծ պատրաստակամություն չեն դրսևորում Եվրոպային ուղիղ մասնակից դարձնելու համար, կարծես թե Եվրոպայի հարցն այսպես ասած մնացել է ԱՄՆ-ի վրա, ու այդ հարաբերությունները կորոշվեն ԱՄՆ-Եվրոպա հարաբերությունների տիրույթում:
Մենք տեսանք Վաշինգտոնում Մակրոն-Թրամփ բանակցությունը, ու ակնհայտ էր, այնտեղ քննարկվում էր Եվրոպայի բաժնեմասն այս գործընթացից, ու շատ հատկանշական էր, որ Մակրոնը նշում էր, որ Եվրոպան ևս այս պատերազմի տարիներին մեծ ծավալի աջակցություն է ցույց տվել Ուկրաինային, ինչը նշանակում է, որ Եվրոպան փորձում է փաստարկել, որ ինքն էլ պետք է մասնաբաժին ունենա այս համաձայնություններից:
Իսկ համաձայնությունները, ինչպես տեսնում ենք, ենթադրում են նաև Ուկրաինայի օգտակար հանածոները, այդ ռեսուրսները, որ Թրամփը փորձում է վերցնել ԱՄՆ-ին, Եվրոպան էլ փորձում է մասնաբաժին ունենալ դրանցից: Այստեղ էլ, բնականաբար, հարաբերությունների շատ բարդ մեխանիզմ է, որովհետև այսօր Եվրոպան ինքն էլ բազմաշերտ է, այսինքն՝ հավաքական մեկ միավոր Եվրոպա չկա, որ կկարողանար շատ կենսունակ դիմակայել ԱՄՆ-ի հավակնություններին ու իր մոտեցումները հավասարապես բերել այս գործընթացում, իսկ դա առավելապես բարդացնում է Եվրոպայի վիճակը:
– Պարո՛ Բադալյան, դուք և՞ս կարծում եք, որ ԱՄՆ-ն, ըստ էության, հիմա միայնակ է թողնում Ուկրաինային, հավատարիմ չի մնում իր խոստումներին:
– Մեծ հաշվով՝ Ուկրաինան միշտ էլ մենակ է եղել, Ուկրաինան եղել է պոլիգոն գերտերությունների հարաբերությունները պարզելու տեսանկյունից, այսինքն՝ այս իմաստով խաբկանք է, թե այն ժամանակ Ուկրաինայի կողքին են, հիմա կողքին չեն: Պարզապես այն ժամանակ Ուկրաինան դրվեց պատերազմելու ռեժիմի մեջ, հիմա ասում են՝ բավական է պատերազմել, պետք է արդեն մտածել պայմանավորվելու ռեժիմի մասին:
Այս իմաստով Ուկրաինային ոչ մեկը մենակ չի թողել, ուղղակի մոտեցումներն են այլ, հիմա Ուկրաինայից ակնկալվում է ուրիշ բան, անցնող երեք տարիներին ակնկալվում էր պատերազմ Ռուսաստանի դեմ, հիմա՝ ուրիշ բան: Ոչ մեկը չի հրաժարվել Ուկրաինայից, ընդհակառակը՝ Թրամփը հիմա հայտարարում է, որ Ուկրաինայի մնացած հատվածը պետք է լինի ԱՄՆ-ինը, Եվրոպան էլ սա է վիճարկում, որ իրենք էլ պետք է այդտեղ բաժին ունենան:
– Այս հարցերը կարգավորելուց հետո անդրադառնալո՞ւ են Հարավային Կովկասին, և ի՞նչ սպասելիք մենք կարող ենք ունենալ:
– Բնականաբար Կովկասը կքննարկվի, բայց հարցն այն է, թե ուղի՞ղ իմաստով կքննարկվի, թե՞ հարակից օրակարգերով: Այսինքն՝ Կովկասը դիտարկվում է այդ իմաստով խաչմերուկ, ԱՄՆ-ի համար այս տարածաշրջանը մարտավարական է, միշտ էլ այդպիսին է եղել, մեծ հաշվով՝ չունեն Կովկասի առնչությամբ անմիջական քննարկումներ սկսելու մոտիվացիա:
Ռուսաստանի համար, բնականաբար, այս տարածաշրջանը կենսական նշանակության տարածաշրջան է ու ռազմավարական նշանակություն ունի: Հիմա, ռուսները կփորձե՞ն ԱՄՆ-ի հետ կոնկրետ պայմանավորվածությունների գալ Կովկասի մասով, թե՞ ոչ՝ իսկապես բարդ է ասել:
Բոլորովին բացառելի չէ, որ ԱՄՆ-ն թողնի Կովկասում Ռուսաստանին իրավիճակի շուրջ մյուս դերակատարների հետ պայմանավորվելը՝ հրաժարվելով այստեղ Ռուսաստանի համար խնդիրներ ստեղծելուց, բայց նաև խնդիրներ լուծելը թողնելով Ռուսաստանին: Սա տարբերակներից մեկն է, բայց այն, որ Կովկասը այս կամ այն կերպ լինելու է սակարկության շրջափուլում, կասկածից վեր է:
Կովկասի մասով նաև մեկ այլ ուշագրավ հանգամանք կա, երբ մենք տեսնում ենք ԱՄՆ-ի ու Եվրոպայի այս հակադրությունն ու տարբեր պատկերացումները, մեծ հաշվով՝ առաջացող դիմակայությունը՝ Թրամփի ու ԵՄ-ի առաջատար էլիտաների միջև: Հարց է առաջանում՝ արդյոք կարո՞ղ է դա ծավալվել նաև կովկասյան ուղղությամբ, արդյոք ԵՄ-ն կարո՞ղ է Կովկասը դիտարկել որպես խաղի մեջ մտնելու ու իր սուբյեկտությունն ավելի բարձրացնելու միջոց, այդ թվում նաև՝ Թուրքիայի հետ, որովհետև առանց Թուրքիայի դա կարծես թե չի կարող տեղի ունենալ:
Ըստ իս՝ Թուրքիան իրեն բնորոշ հոտառությամբ զգում է իրավիճակը, ու Էրդողանը հայտարարեց, որ Եվրոպայում լիբերալ ճգնաժամը հնարավոր կլինի միայն հաղթահարել, եթե Թուրքիան աջակցի ու դառնա ԵՄ անդամ: Այսինքն՝ Էրդողանը անմիջապես հայտ ներկայացրեց ԵՄ էլիտաներին, ու սա նշանակում է, որ Կովկասի հարցը կարող է գալ Թուրքիայի ու Եվրոպայի օրակարգ:
Շերտեր դեռ կարող են բացվել, տեսնենք՝ ի՛նչ տրամաբանություն կաշխատի Կովկասի մասով: Հայաստանի առումով, իհարկե, չենք կարող կանխատեսել, թե ո՛ր սցենարը կաշխատի, բայց մենք պետք է պատրաստ լինենք ամենատարբեր սցենարների:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















