Որևէ ոստիկան մահապարտ չէ, որ առանց բարձրագույն ղեկավարության հրահանգի իրեն կատաղած գազանի նման պահի. Նաիրա Զոհրաբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է նախկին պատգամավոր, «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը

– Տիկի՛ն Զոհրաբյան, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվ մասնակիցներից եք, կխնդրեմ ձեր գնահատականը իշխանության ներկայացուցիչների հնչեցրած հայտարարությունների, դիտարկումների վերաբերյալ, որոնք առնչվում են այս շարժմանը։

– Ավելի քան վստահ եմ, որ այս շարժումը հաջողելու է, ես խանդավառվող ու ռոմանտիկ քաղաքական գործիչ չեմ, ես շատ ավելի պահպանողական եմ իմ քաղաքական կանխատեսումների մեջ, բայց վստահ եմ, որ այս դեպքում շարժումը հաջողելու է, որովհետև մենք՝ ի դեմս Նիկոլի ռեժիմի, գործ ունենք մի համակարգի հետ, որին հնարավոր չէ կլասիկ քաղաքական գործիքներով հաղթել, հեռացնել: 

Այդ իսկ պատճառով բոլոր նախկին ընդդիմադիր շարժումները, ըստ էության թե՛ սուբյեկտիվ, թե՛ նաև օբյեկտիվ այն պատճառներով, որ մեր դիմաց բազմավեկտոր մոնստր է, որին հնարավոր է հաղթել միայն հայի տեսակի մեջ արթնացնելով իր ինքնությունը չկորցնելու, ինքնապահպանման բնազդը։ 

Միայն սա կարող էր աշխատել, ու շատ ճիշտ էր ու լեգիտիմ էր, որ շարժումն առաջնորդեր, այսինքն՝ նոր ազգային լիդեր դառնար Աստծո տան, Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչը, տվյալ դեպքում՝ Բագրատ Սրբազանը։ Ես շատ բծախնդիր եմ որպես քաղաքական գործիչ ու բոլոր քաղաքական գործիչների ելույթներում միշտ փորձում եմ գտնել թույլ կողմերը, պետք է ասեմ, որ կատարյալ, գրագետ խոսք ունի, նոկաուտի է ենթարկել իր քաղաքական հակառակորդին։ 

Նա դեռևս իր այս հստակ շարժման առաջին վայրկյանից առ այս պահը որևէ սխալ քայլ ու թերացում չի արել, ու շատ կարևոր է, որ ամեն օր ես տեսնում եմ մարդկանց հավատի վերականգնում, որովհետև շատ զարհուրելի բաներ է արել այս ռեժիմը, որոնցից ամենազարհուրելիներից մեկն էլ հայի մեջ հավատը սպանելն էր, հայերի մեծ մասին դարձնել ապատիկ, դեպրեսիվ, ոչ մեկին չհավատացող ու ամենավատը՝ ագրեսիվ, միմյանց ատող, անհանդուրժող։ 

Նիկոլը մեր ընտանիքներին իրար դեմ հանեց, բաժանեց, դա ամենազարհուրելին էր, հիմա մենք բոլորս կամաց-կամաց կարծես թե ապաքինվում ենք։ Շարժումն իսկապես շատ ադեկվատ է, դեռևս ոչ մի, կներեք այդ բառի համար, չեպե ես չեմ տեսնում քաղաքական առումով։ Նիկոլն արդեն հեռանում է, սա նրա վերջի սկիզբն է, ու քանի որ նա ո՛չ տգետ է, ո՛չ հիմար, ինչպես շատերն են կարծում, նա շատ հաշվարկող, քաղաքական առումով շատ խորամանկ է ու շատ լավ գիտի, որ հեռանում է, այլ բան է, որ ինքը դա թիմին չի ասում, ու մենք տեսնում ենք թիմակիցների անկանոն թպրտոցները, այդ վայրահաչոցները, Սրբազանին «ֆաշիստ» անվանելը, «Բգո հոպար» անվանելը, չհասկանալով, որ այդ ամեն բառի համար իրենք քրեական պատասխանատվության են ենթարկվելու՝ հենց իրենց ծնած Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով: Այս փուլում, ես կարծում եմ, որ շարժումը շատ ճիշտ, ինչպես Սրբազանն է ասում, մոտենում է իր երրորդ՝ վերջին արարին, հանգրվանին։ 

– Փաշինյանի հեռացումն ինչպե՞ս եք պատկերացնում, որովհետև դուք այն քաղաքական գործիչներից եք եղել, որն ի սկզբանե ասել է, որ նա ինքնակամ չի հեռանալու իշխանությունից։

– Ես ավելի քան վստահ եմ, որ եթե իր կամքին մնա՝ ինքը հրաժարական չի տալու, բայց ես ավելի քան վստահ եմ, որ ժողովուրդն այդ անձնավորությանը պարտադրելու է իր կամքը։ Ես ավելի քան վստահ եմ, որ մի օր, իսկ այդ օրը հեռու չէ, այդ օրվա կոչնակը կհնչեցնի այլևս համազգային նոր լիդերը՝ Բագրատ Սրբազանը: Փողոցում լինելու է այնքան մարդ, որ Նիկոլ Փաշինյանն իր կամքին հակառակ, խելոք, առանց ճանկռտելու քաղաքական առումով հեռանալու է, ու առաջին բանը, որ մենք պետք է անենք այս համազգային համերաշխությունը վերականգնելու համար, հայկական Նյուրնբերգի առաջին շարքում ոչ միայն պետք է նստեն Արցախը, Հայաստանի սուվերեն տարածքը հանձնողները, այլև այն օլիգարխները, «Տոտո»-ների, «Վիվարո»-ների այն կասկածելի կենսաբանական պրոդուկտները, որոնք տարիներ շարունակ ֆինանսավորել են ֆեյք ինդուստրիաներ, որոնցով ատելություն, թշնամանք, բռնություն, հաշվեհարդար է քարոզվել ու տարածվել։ 

– Տիկի՛ն Զոհրաբյան, ոստիկանության գործողություններն ինչպե՞ս եք գնահատում խաղաղ անհնազանդության այս գործողությունների շրջանակում։

 – Ես մի քանի անգամ ադրբեջանական Տելեգրամ ալիքներում տեսել եմ, թե ինչպես է Բաքվի փողոցներում ադրբեջանական «Յաշման» հաշվեհարդար տեսնում հատուկենտ ցուցարարների հետ, որպես «Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան ՀԿ նախագահ՝ այս բոլոր օրերին, ոչ միայն երեկ ու առաջին օրը, որովհետև բռնություններից մի քանիսը տեղի ունեցան հենց երեկ, երբ ես զոհվածների ծնողների հետ, խաղաղ անհնազանդության ակցիա անելով փակել էինք Թումանյան-Մաշտոցի պողոտան, ես այդ ամբողջը նկարահանել եմ, իմ էջում տեղադրված է, թե ինչ դաժանությամբ էին սև ու կարմիր բերետավորները ծեծում, բռնություն գործադրում խաղաղ ցուցարարների նկատմամբ: Անգամ մի պահ, երբ Սրբազանը մոտեցավ ծնողներին, նրանք փորձեցին մոտենալ Սրբազանին, ու նրա կողքի տղաներին ուղղակի գողանում, ծեծելով տանում էին։ Մենք տեսանք նաև, թե ինչպես երեկ 30-35 հոգով անմարդկային ձևով ծեծում էին դաշնակցական պատգամավորի։ 

Ես այդ բոլոր տեսանյութերը ու նաև լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունները, ցուցարարների նկատմամբ բռնություններն ուղարկել եմ բոլոր միջազգային կառույցներին, և անկախ նրանից, որ հիմա արևմտյան կառույցները լռում են, որովհետև Նիկոլն իրենց համար ամենակատարյալ գործիքն է տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու համար, ես շարունակելու եմ այդ ամենն ուղարկել նրանց: Դա կլինի Եվրոպայի խորհրդի քաղաքական խմբերը, Մարդու իրավունքների հանձնակատար, «Ֆրիդոմ հաուս», բոլոր միջազգային կառույցներին, որպեսզի հետո իրենք չկարողանան իրենց երկակի ստանդարտները կիրառելով, ասել՝ վայ, ինչո՞ւ չէիք ահազանգում։

– Տիկի՛ն Զոհրաբյան, իշխանությունը բարեփոխում էր ոստիկանությունը, շատ էր խոսում այդ մասին, դուք բարեփոխում նկատո՞ւմ եք համակարգում, ու արդյոք ոստիկանությունը բիրտ ուժ կիրառում է իշխանությա՞ն ուղիղ հրահանգով, ինչպես որոշ ընդդիմադիրներ ասում են։

– Եթե հիշում եք՝ ժամանակին Արթուր Վանեցյանը մի հայտարարություն արեց, որը բոլորիս համար պետք է ազդանշան լիներ, ոչ ինձ համար, որովհետև ես Նիկոլ Փաշինյանին լավ եմ ճանաչում: Իջևանում մի ծառ կտրելու համար նա ԱԱԾ պետին ասել էր՝ «ես ուզում եմ տեսնել արյան գետեր»։ Իհարկե, որևէ ոստիկան մահապարտ չէ, որպեսզի առանց ամենաբարձրագույն ղեկավարության հրահանգի իրեն պահի կատաղած գազանի նման, այն աստիճան, որ հանրության մեջ լեգիտիմ կասկածներ առաջանան, որ այդ կարմիր ու սև բերետավորները հայախոս ադրբեջանցիներ ու թուրքեր են, որոնք էքսպորտ են արվել Թուրքիայից ու Ադրբեջանից։ Ես ավելի քան վստահ եմ, որ նրանք հայ են, բայց ինչքան ամոթ է, որ իրենց մասին մարդիկ նման կարծիք ունեն։ 

Պարգևավճարի ու աշխատավարձի համար պետք չէ կատաղած գազանի նման հարձակվել ու քո հայրենակցին ծեծել, իհարկե նրանք պետք է հասկանան, որ իշխանությունը փոխվելու է, ոչ մի իշխանություն հավերժ չէ։ Երկրների քաղաքական պատմության փորձը ցույց է տվել, որ իրենց իշխանության վախճանին են բռնապետներն անցնում բոլոր կարմիր գծերը: Իհարկե, Նիկոլը բռնապետ չէ, դրա համար դու պետք է շատ ուժեղ կերպար լինես, երկիրդ էլ ռեսուրս ունենա, բայց սա նրա հոգեվարքի աքացիներն են։

Ի՞նչ քայլերի կարող է գնալ Նիկոլ Փաշինյանը: Շատ վերլուծաբաններ չեն բացառում բռնության, բախումների հավանականությունը:

– Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին՝ ասել եմ, որ նա իր իշխանությունը պահելու մահապարտ է, ու գինն իրեն բացարձակապես չի հետաքրքրում, բայց ինչ էլ լինի, այստեղ պետք է կրկնեմ Սրբազանի խոսքը՝ պատերազմ էլ հրահրեք Ալիևի հետ, պատասխանատվությունը ձեզ վրա է, երկրում փորձեք ներքաղաքական խժդժություններ հրահրել, պատասխանատվությունը ձեզ վրա է։ Ինչ էլ անի այլևս, բարոյական, մարդկային պատասխանատվությունը իր ու իր ռեժիմի վրա է։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am