Հայկական կողմն ընդառաջ է գնում Ադրբեջանի բոլոր պահանջներին, դրա համար էլ ամեն ինչ «մեղրամիսային» է ստացվում իրենց մոտ.  Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը

– Տիկի՛ն Հայրապետյան, ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից, «Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին՝ ուղարկելով լրամշակված 9-րդ խմբագրությունը», Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էլ, արձագանքելով լրամշակված առաջարկներին, նշել է, որ «համաձայնագրի նախագծի վերաբերյալ ավելի քիչ հարցեր են բաց մնում»։ Ըստ ձեզ՝ այդ ո՞ր կետերն են, որ կողմերը համաձայնեցրել են։

– Իրականում, կարծում եմ, Ադրբեջանն այդ հայտարարություններով մի քանի նպատակ է հետապնդում․ նախ՝ եթե հիշենք՝ նախկինում հայկական կողմն առաջ էր քաշում մի շարք կարևոր հարցեր Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, Հայաստանի տարածքային ամբողջականության ու այլ հարցերի հետ կապված, հիմա հայկական կողմը շատ ավելի պատրաստ է զիջումների ու միակողմանի զիջումների ճանապարհով է ընթանում, ինչն ամբողջությամբ տեղավորվում է Ադրբեջանի տրամաբանության մեջ, դրա համար էլ Ադրբեջանը նման հայտարարություններ է անում։ 

Սրա հետ մեկտեղ, Ադրբեջանին պետք է ցույց տալ արտաքին աշխարհին, որ լավագույնը, որ ստացվում է ձեռք բերել, երկկողմ բանակցությունների արդյունքում է։ Բայց իրականում պետք է հասկանալ, թե ինչ դիսկուրսներ են գեներացվում այդ պետության ներսում, ի՛նչ խնդիրներ են արծարծվում եթե ոչ պետության ղեկավարի կամ արտգործնախարարի մակարդակով, ապա իշխող ուժի պատգամավորների ու տարբեր քարոզչական աղբյուրների կողմից, ու ըստ այդմ հասկանալի կլինի, թե ի՛նչ խնդիրներ են դրված նրանց առաջ։ 

Օրինակ՝ վերջին շրջանում շատ ակտիվ խոսվում է այն մասին, որ ինչ-որ թուղթ ստորագրելու համար որպես նախապայման դրել են, որ Հայաստանը պետք է անխափան ճանապարհ տրամադրի Սյունիքի տարածքով ու բավարարի այդ կետը, այսինքն՝ Ադրբեջանը իր ոչ մի պահանջից չի հրաժարվել, ուղղակի հերթով փորձում է հասնել դրանց կատարմանը, հայկական կողմն էլ ընդառաջ է գնում այդ պահանջներին, դրա համար էլ ամեն ինչ շատ «մեղրամիսային» է ստացվում իրենց մոտ։

– Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը միմյանց Սահմանադրությունների փոփոխության հարց չեն քննարկում։ Բայրամովը, արձագանքելով Միրզոյանին, անընդունելի է համարել ՀՀ արտգործնախարարի՝ Հայաստանի ու Ադրբեջանի Սահմանադրությունների միջև զուգահեռներ անցկացնելու փորձը, որովհետև «Ադրբեջանը որևէ երկրի նկատմամբ որևէ տարածքային հավակնություն չունի»։ Արտգործնախարարների հայտարարություններն ինչպե՞ս եք մեկնաբանում։ 

– Ե՛վ Արարատ Միրզոյանն է ստում, և՛ Բայրամովն այս թեմայով, բնականաբար, Ադրբեջանն այդ պահանջը դրել է Հայաստանի սեղանին, այդտեղից էլ գալիս է Նիկոլ Փաշինյանի՝ ժամանակ առ ժամանակ դաշտ նետվող թեզն իրական ու պատմական Հայաստանի, կադաստրի թղթերի, Սահմանադրության փոփոխության մասին: Ուղղակի այն իրավիճակը, որ Հայաստանում ստեղծվել է, դժգոհության ալիքը, որ կա, թույլ չի տալիս իրենց ավելի հաճախ այդ թեմաների մասին խոսել ու կրքերն ավելի բորբոքել, դրա համար էլ ժամանակավոր դադար են վերցրել, բայց այդ պահանջը Ադրբեջանը շատ հստակ ներկայացրել է, ու նույն Արարատ Միրզոյանը ժամանակին շատ հստակ ասել է, որ, այո՛, Ադրբեջանն այդ թեման արծարծում է։ 

Ինչ վերաբերում է Բայրամովի ասածին, ապա նա ևս ստում է, որովհետև Ադրբեջանի Սահմանադրությունը հղում է անում 1918-20 թվականների մուսավաթական Ադրբեջանի ստեղծմանը, ու ավելին ասեմ՝ հենց Ադրբեջանի արտգործնախարարության կայքում, Ադրբեջանի նախագահի շուրթերից հնչում է, որ իրենց տարածքն ավելի քան 100 հազար քառակուսի կիլոմետր է կազմում, ու իրենք պարբերաբար դրա մասին խոսում են։ Ուստի երկուստեք ստում են, ուղղակի, ի տարբերություն հայկական կողմի, ադրբեջանական կողմն իր թեզը միշտ առաջ է մղում, իսկ հայկական կողմը մեկ-երկու անգամ ասում է, հետո մոռանում։

– Տիկի՛ն Հայրապետյան, ՌԴ փոխարտգործնախարարն ասել էր, թե Ռուսաստանը պատրաստ է օժանդակել, որ Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունները կարգավորեն, կարծում եք՝ կողմերը կդիմե՞ն միջնորդների, թե՞ կշարունակեն ուղիղ շփումները։

– Կարծում եմ, որ կողմերն ըստ էության նախընտրում են թյուրքական, տվյալ դեպքում՝ Ղազախստանի հարթակը, որն ուղիղ միջնորդություն չի ենթադրում, այսինքն՝ այնպես չէ, որ ղազախական կողմն ուղիղ ներկա է, բայց հարթակ է տրամադրում։ Ուստի ես կարծում եմ, որ հայկական կողմը գնացել է այդ ճանապարհով՝ զիջել է այն, որ Ադրբեջանը չի գնում եվրոպական հարթակներ, ու գնացել է այդ ճանապարհով, բայց, ըստ էության, այնտեղ ուղիղ է այդ երկխոսությունը, այսինքն՝ Ադրբեջանն ասում է, Հայաստանը գալիս անում է, եթե դա երկխոսություն կարելի է համարել։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am