ՔԿ-ն խեղաթյուրում է․ ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառելուց առաջ չի նախազգուշացրել . civilnet.am

Ոստիկանության մասին օրենքի համաձայն՝ ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ կիրառելուց առաց ուժայինները պարտավոր են նախազգուշացնել ու ողջամիտ ժամկետ տալ ցուցարարներին անկարգությունները դադարեցնելու համար, Քննչական կոմիտեի հունիսի 13-ի տեսանյութն ու հայտարարությունը տպավորություն են ստեղծում, թե ֆիզիկական ուժ և լուսաձայնային նռնակներ կիրառելուց առաջ ոստիկանությունը նախազգուշացրել էր, մինչդեռ նման բան չի եղել։ Այս մասին հայտնում է civilnet.am-ը:

Քննչական կոմիտեն հունիսի 13-ին հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով հունիսի 12-ին Երևան քաղաքի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում կատարված զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ նախաձեռնված վարույթին։

Կոմիտեն նաև տեսանյութ է հրապարակել՝ պնդելով, թե «հունիսի 12-ին՝ ժամը 19:30–ից սկսած, ակցիայի մի խումբ մասնակիցներ սկսել են չենթարկվել տեղում հասարակական կարգի պահպանությունն ու շրջակա հատուկ պահպանության ենթակա օբյեկտների անվտանգությունն ապահովող ոստիկանության ծառայողների օրինական կարգադրություններին»։ Այնուհետև Քննչական կոմիտեն հրապարակել է կադրեր, որոնցում երևում է լարված իրավիճակ և լսվում է ոստիկանության ներկայացուցչի նախազգուշացնող հայտարարությունը, որ կկիրառեն ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ։

Իրավապահ մարմինը, սակայն, ակնհայտ խառնել է ժամանակագրությունը․ ոստիկանությունը 19:30-ից բարձրախոսով նախազգուշացում չի կատարել, իսկ ՔԿ-ի պաշտոնական տեսանյութում տեղ գտած նախազգուշական հայտարարությունը եղել է ավելի վաղ՝ 17:33-ին։

Ինչ է նախատեսում օրենքը

Ոստիկանության մասին օրենքը հստակ ամրագրում է, որ «ոստիկանության ծառայողը ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելուց առաջ պարտավոր է նախազգուշացնել դրանք գործադրելու մասին՝ բավարար ժամանակ տրամադրելով օրինական պահանջները կատարելու և իրավախախտումը դադարեցնելու համար»։

Դեպքերի ժամանակագրությունը

Առկա տեսագրությունները փաստում են, որ հունիսի 12-ին՝ ժամը 17:33-ին, ոստիկանությունը նախազգուշացրել է, որ կկիրառի հատուկ միջոցներ և ֆիզիկական ուժ, քանի որ մինչ այդ իրավիճակը լարվել էր Բաղրամյան պողոտայում։ Դրանից հետո տեղի է ունեցել քաշքշուկ և իրավապահները կիրառել են միայն ֆիզիկական ուժ՝ բերման ենթարկելով քաղաքացիների։ Այնուհետև 17:58-ից իրավիճակը հանդարտվել է, իսկ ֆիզիկական ուժ կիրառած կարմիրբերտավորները ետ են քաշվել, մարդիկ էլ շարունակել են խաղաղ բողոքի ակցիան։

Հնչել են ելույթներ և միայն 19:22-ին շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի այն հայտարարությունից հետո, թե խորհրդարանի ներսում կռիվ է ու ընդդիմադիրները գնում են ներս, իրավիճակը սկսել է լարվել՝ 19:28-ից։ Այդ րոպեներից սկսած մինչև ֆիզիկական ուժ և լուսաձայնային նռնակների կիրառումը (19:40-ից) ոստիկանությունը, օրենքի համաձայն, չի նախազգուշացրել, առավել ևս չի տրամադրել բավարար ժամանակ, որ քաղաքացիները դադարեցնեն իրավախախտումը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում