«Եթե ՊՊԾ գնդում սպանվածների հարազատները, պատանդառուներն ու վնաս կրած անձինք առարկեն, ապա այս համաներումը չի կիրառվի». Զեյնալյան. «Արմենպրես»

«Եթե ՊՊԾ գնդում սպանվածների հարազատները, պատանդառուներն ու վնաս կրած անձինք առարկեն, ապա այս համաներումը չի կիրառվի». Զեյնալյան. «Արմենպրես»
«Եթե ՊՊԾ գնդում սպանվածների հարազատները, պատանդառուներն ու վնաս կրած անձինք առարկեն, ապա այս համաներումը չի կիրառվի». Զեյնալյան. «Արմենպրես»

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է քրեական գործերով համաներումը ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդը գրաված զինված խմբի անդամների վրա տարածելու որոշման շուրջ քննադատություններին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  Զեյնալյանն ասել է, որ Հայաստանում առաջին անգամը չէ, որ կիրառվում է այդ տիպի համաներում:  

«Հիշում եք 2009թ. համաներումը մարտի 1-ի դեպքերի ամբաստանյալների և մեղադրյալների նկատմամբ: Այսինքն, սա նորություն չէ, որ իրականացվել է: Եթե խոսքը գնում է տարբերակված մոտեցման մասին, ապա օրինաչափ վարքագիծը կամ օրինաչափ իրավունքը նախատեսված է քրեական օրենսգրքով, քրեակատարողական իրավական ակտերով: Սա ամբողջությամբ բացառություն է, ամբողջությամբ տարբերակված մոտեցում է: Համաներման ակտը տարբերակված մոտեցումների համախումբ է, սա իրավունք չէ, սա պետության կողմից պարտականություն չէ, որ պետք է ի կատար ածել: Ինչպես արդեն հնչեցրել եմ, սա շնորհ է, արտոնություն է, և արտոնությունը պետությունն իրականացնում է իր հայեցողությունների, իր հնարավորությունների շրջանակներում, հասարակությունից ստացած քաղաքական պատվերի շրջանակներում, հանձնարարության շրջանակներում»,- ասել է Զեյնալյանը:

Վերջինս ասել է, որ այստեղ կա իրավունքների հավասարակշռություն, եւ իրենք բազմաթիվ կետերում այդ հավասարակշռությունը փորձել են ապահովել, բոլոր շահառուների, այդ թվում նաև՝ մրցակցող շահերի պայմաններում:

«Նախատեսել ենք նաև սպանվածների, պատանդառուների և մարմնական վնաս կրած անձանց իրավունքների պաշտպանությունը: Եթե նրանք առարկեն, ապա այս համաներումը չի կիրառվի: Մենք չենք կարող անտեսել նաև նրանց իրավունքները»,- ասել է Զեյնալյանը: