Ընդդիմությունը հերթական անգամ պինդ պահեց Փաշինյանի իշխանությունը՝ փչացնելով շարժման մթնոլորտը և թատրոն ցույց տալով խորհրդարանում. Անի Սամսոնյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը

– Տիկի՛ն Սամսոնյան, իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, որ «փողոցով իշխանության չեն գալիս, ՀՀ-ն ժողովրդի պետությունն է», Հովիկ Աղազարյանն էլ արձանագրել է, որ «ՀՀ քաղաքացին կայացել է»։ Իշխանության այս ու շարժման համատեքստում բխող մյուս հայտարարություններն ինչպե՞ս եք գնահատում։

– Արթուր Հովհաննիսյանը մոռացել է՝ ո՛վ է դարձրել իրեն պատգամավոր, և ինչպե՛ս է իրեն պատգամավոր դարձնող մարդը եկել իշխանության։ Բայց ՔՊ խմբակցության պատգամավորների հայտարարությունները ի՛նչ մեկնաբանեմ, իրենց ընտանիքի անդամները թող մեկնաբանեն։

– Իշխանությունը կարծում է, թե Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը չի հաջողելու, ու իրենք անհանգստանալու որևէ պատճառ չունեն, համակարծի՞ք եք իշխանության այս պնդումներին։

– Իշխանությունը վստահ է, որ շարժումը նախկինների հետ կապելու քարոզչությունը հաջողել է, հետևաբար շարժումը գնալու է մարման։ Պետք է նշեմ, որ, այո՛, այդ քարոզչությունը հաջողել է։ 

Իր հերթին՝ խորհրդարանական ընդդիմությունը հերթական անգամ պինդ պահեց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը՝ փչացնելով շարժման մթնոլորտը և թատրոն ցույց տալով խորհրդարանում։ Բայց այս շարժման առաջին օրը՝ մայիսի 9-ը, ցույց տվեց, որ հանրության շրջանում կա իշխանության նկատմամբ բարձր դժգոհություն, և մարդիկ մի օր դա ինչ-որ կերպ արտահայտելու են։ Բագրատ Սրբազանը բռնեց իշխանության վախը։ Եթե այսօր իշխանությանը հաջողվեց մարդկանց բողոքի ձայնը փչացնել, միշտ չէ, որ հաջողելու է։ Եվ այդ մի օրը գալու է։

– Տիկի՛ն Սամսոնյան, խորհրդարանական ընդդիմությունն ասում է, որ մանդատները վայր դնելու հարցն իրենց օրակարգում է, բայց ոչ մեկը չի կարող պարտադրել իրենց դա անել։ Ձեր գնահատմամբ՝ ո՞ր պահին ընդդիմությունը վայր կդնի մանդատները։

– Իմ կարծիքով՝ ընդդիմությունը վայր չի դնի մանդատները։ Նրանք դեռ լիարժեք ծեծ չեն կերել իշխանությունից պառլամենտի դահլիճում և լիարժեք քեֆ չեն արել իշխանության հետ գործուղումների ընթացքում։ Արժանապատվություն ունենային՝ հենց հունիսի 12-ին էլ կդնեին։ 

Այլ հարց էլ կա, իրենցից շատերը համագործակցում են իշխանության հետ, և եթե մանդատ դնելու ռեալ պահը գա, խայտառակվելու են որպես ընդդիմություն։ Բոլոր դեպքերում ես այս շարժման ելքը տեսնում եմ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական լեգիտիմությունից զրկելու մեջ։ Պետք է պահանջել Ռոբերտ Քոչարյանից և Սերժ Սարգսյանից, որ իրենց կազմած ցուցակները դարակից հանեն ու բոլորին մանդատները վայր դնել տան։ 

– Ինչո՞ւ հիմա դա չեն անում։

– Որ իրենք մանդատ դնեն, բա իրենց ունեցվածքի ու անձեռնմխելիության կամ պատգամավորական թոշակի հարցը ո՞վ լուծի։ Ակնհայտ է, որ չեն ուզում դնել։ Իշխանությունն էլ չի թողնի, որ դնեն։ 

– Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ հունիսի 17-ին կրկին հավաքվելու են խորհրդարանի շենքի դիմաց, իսկ մինչ այդ կրկին հանդիպելու է քաղաքական ուժերի հետ։ Ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել։

Կարծում եմ՝ շարժման գործողությունները պետք է լինեն տրամաբանության մեջ։ Եթե պետք է մարդկանց հավաքել՝ Բաղրամյանում ոստիկանների դիմաց կանգնեցնել, իսկ խորհրդարանական ընդդիմությունը հրաժարականի ինչ-որ հիմար ու աննպատակ ուղերձ ներկայացնի ու տեր չլինի դրա համար, կարծում եմ՝ իմաստ չունի։ Պետք է գալ Բաղրամյան պողոտա և մի պահանջ ներկայացնել այս պառլամենտին՝ լուծարվեք ու ազատեք ժողովրդին ձեր անիմաստ գոյությունից։

– Նկատի ունենալով հունիսի 12-ին ոստիկանության գործողությունները ու իշխանության կողմից հնչող հայտարարությունները, որ ցանկացած նման իրավիճակի պատասխանը լինելու է այդպես, քաղաքացիական հնարավոր բախումների մտավախություն ունե՞ք, տիկի՛ն Սամսոնյան։

Ես ամեն ինչ սպասում եմ հանուն սեփական իշխանության գոյատևման Լեռնային Ղարաբաղը պատմական Հայաստան դարձրած իշխանությունից։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am