1.21 մլրդ դրամ կամ ավելի քան 3 միլիոն դոլար՝ Շուռնուխում 13 առանձնատան և գոմի համար. «Սա նոր կյանքի խորհրդանիշն է»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզ: Այցի շրջանակներում կառավարության ղեկավարը ծանոթացել է սուբվենցիոն և այլ ծրագրերով մարզում իրականացվող աշխատանքների ընթացքին: Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը: Հաղորդագրության համաձայն, վարչապետի այսօրվա վերջին կանգառը եղել է Շուռնուխ բնակավայրում:

Այնտեղ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել նորակառույց առանձնատների բաշխման` վիճակահանության արարողությանը: Կառավարության ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել է 13 առանձնատուն, թվով 13 ընտանիք, այդ թվում՝ 12 բնակելի տուն կորցրած ընտանիք կստանան բնակելի տուն և անասնագոմ: Ծրագրի արժեքը 1.21 մլրդ դրամ է: Վարչապետ Փաշինյանը շրջել է առանձնատներով` ծանոթացել ստեղծված պայմաններին և շնորհավորել բնակիչներին բնակարանամուտի առիթով:

«Ուզում եմ հավատալ, որ այս թաղամասը Շուռնուխի, Գորիսի, Սյունիքի և Հայաստանի Հանրապետության նոր կյանքի խորհրդանիշն է, որտեղ կան ապրելու և աշխատելու համար բոլոր պայմանները: Ցանկանում եմ բոլորիդ առողջություն, որ աշխատելու ուժ ունենաք և այդ ընթացքում տեսնեք դրա արդյունքը, հարստանաք և մեր երկիրը հարստացնեք»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սյունիքի մարզի տարբեր բնակավայրեր կատարած այցերին և բնակիչների հետ հանդիպումներին, ընդգծել, որ դրանք մեծ էներգիա են հաղորդել: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ բոլոր բնակավայրերում զգացել է աջակցություն խաղաղության և սահմանազատման օրակարգերին: Վարչապետն ընդգծել է, որ անցնում ենք բարդ պրոցեսով, սակայն այսօր մեր երկիրը կանգուն է, անկախ է, ինքնիշխան է և ամեն օր իր ինքնիշխանության ու անկախության մակարդակը բարձրացնում է, և դա առաջին հերթին հանրության ըմբռնման և աջակցության շնորհիվ:

«Մենք պետք է քայլ-քայլ, հետևողական Իրական Հայաստանը կառուցենք: Սա է Իրական Հայաստանը, որտեղ ապրում են իրական մարդիկ, որտեղ ապրելն ամոթ չէ, որտեղ մարդիկ պետք է սիրեն կյանքը, որտեղ կյանքը սիրելը պետք է հնարավոր լինի, ապրելը, աշխատելը, հարստանալը, բարեկեցիկ ապրելը պետք է հնարավոր լինի»,- նշել է վարչապետը: