Արսեն Թորոսյանի մոտ քննարկվել են համաճարակաբանների աշխատվարձերի վերանայման և այլ խնդիրների վերաբերյալ հարցեր

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» (ՀՎԿԱԿ) քաղաքային և մարզային մասնաճյուղերի տնօրեններին, տեղեկացնում են ԱՆ լրատվական ծառայությունից։

ՀՎԿԱԿ քաղաքային եւ մարզային մասնաճյուղերի տնօրոնները ներկայացրել են կորոնավիրուսային հիվանդության պայմաններում մասնաճյուղերի կարողությունները, հնարավորությունները, ինչպես նաև կարիքները։

Հիմնական խնդիրներից նշվել է կադրային հագեցվածության պակասը, մասնավորապես համաճարակաբանների և մանրէաբանների, ինչն ավելի տեսանելի է համավարակի այս օրերին։ Քննարկվել են համաճարակաբանների աշխատվարձերի վերանայման և մասնագիտության նկատմամբ բուժաշխտողների հետաքրքրությունը բարձրացնելու վերաբերյալ հարցեր։

Ի դեպ, համաճարակաբանների պակասը տարիներ շարունակ առկա է հանրապետությունում։ Դեռ անցյալ տարվանից զարգացել է ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիուտի համաճարակաբանության և մանրէաբանության ամբիոնը, որի շրջանակներում վերապատրաստվելու և կրթվելու հնարավորություններ են ստեղծվել և այս նոր իրողությունը հաշվի առնելով գործընթացն ավելի լայն թափով է իրականացվելու։

Մասնաճյուղերի տնօրենները ներկայացրել են, որ այս շրջանում կենտրոնների մասնագետներն աշխատում են գերլարված ռեժիմով և ապահովում են պացիենտների վաղ հայտնաբերումը, պարզում նրանց սերտ շփումների շրջանակը և կազմակերպում իքնամեկուսացումը, ինչպես նաև կատարում են նմուշառումներ և տեղափոխում լաբորատորիաներ։

Քննարկման ընթացքում պարզ է դարձել նաև, որ խնդիրներ կան շենքային պայմանների և ավտոպարկի թարմացման հետ։

Նախարարը հայտնել է, որ մեքենաների թարմացման գործընթացն արդեն իսկ սկսվել է և 6 ամենագնացներ ու 5 շտապօգնության մեքենա (Ford մակնիշի) առաջիկայում կտրամադրվի կենտրոններին։

Արսեն Թորոսյանը տեղեկացրել է նաև, որ առաջիկայում մեկնարկելու է ՀՎԿԱԿ-ի երեք մասնաճյուղերի, մասնավորապես Էջմիածին, Աշտարակ և Աբովյան քաղաքներում տեղակայված շենքերի վերանորոգումը և սարքավորումներով հագեցումը։ Նշենք, որ հինգ մարզային մասնաճյուղերում արդեն իսկ իրականացվել են վերանորոգման և վերազինման աշխատանքներ։ Դրանք են՝Գեղարքունիում, Տավուշում, Սյունիքում, Լոռիում և Շիրակում տեղակայված մասնաճյուղերը։

Վերջում, մարզային պատասխանատուները ներկայացրել են կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը՝ մարզերի կտրվածքով։

Նախարարն արձանագրել է բարձրացրած բոլոր հարցերը և հանձնարարել ներկայացնել առաջարկներ՝ խնդիրներին շուտափույթ լուծում տալու համար, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել ոլորտի աշխատակիցներին՝ կատարած ծանր աշխատանքի համար։