Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար 2024» միջազգային մրցույթին

«Սլավյանսկի բազար» մրցույթի հայաստանյան պաշտոնական պատվիրակությունը չի մասնակցի հուլիսի 8-18-ը Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար 2024» միջազգային մրցույթին:

Այս մասին հայտնում է «Սլավյանսկի բազար» ամենամյա միջազգային հեղինակավոր մրցույթի հայաստանյան պաշտոնական պատվիրակության ղեկավար, Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը:

«Աշխարհի բոլոր ժողովուրդներին միավորում է մեկ լեզու՝ մշակույթը, ուստի անհնար է չգնահատել տարիներով ստեղծված հայ-բելառուսական մշակութային հարաբերությունները: Լիահույս ենք, որ ստեղծված քաղաքական թնջուկը մոտ ապագայում սիրո և համերաշխության ճանապարհով կունենա իր հանգուցալուծումը, և կշարունակվեն երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները»,- նշել է Վրեժ Կիրակոսյանը:

«Սլավյանսկի բազար 2024» մրցույթում Հայաստանի պատվիրակներն էին բազմաթիվ մրցույթների դափնեկիր երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը և 9-ամյա Յանա Ստեփանյանը:

Հիշեցնենք՝

Հիշեցնենք՝ Ազգային ժողովում 2024 թվականի բյուջեի հաշվետվության վերաբերյալ իր եզրափակիչ ելույթի ժամանակ ՀՀ վարչապետը հայտարարեց, որ Բելառուս չի այցելի, քանի դեռ այնտեղ նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոն է:

«ՀԱՊԿ ղեկավարներից մեկը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել է, ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը։ Բա դրանից հետո ես պետք է գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ, հարց քննարկե՞մ, բա դուք չե՞ք, որ խոսում եք արժանապատվությունից ու սկզբունքայնությունից»,- ասել էր Փաշինյանը, ապա հավելել,- «ՀԱՊԿ-ի հետ կապված կարո՞ղ է որևէ բան է փոխվել։ Տեսականորեն չի կարող բացառվել, եթե Բելառուսն ինքը որոշի ՀԱՊԿ-ից դուրս գալ, կամ Բելառուսի նախագահը Հայաստանի ժողովրդին ներողության ու բացատրության այնպիսի խոսքեր ասի, որ Հայաստանի ժողովրդի համար կլինի ընդունելի»։

Բելառուսից հայտարարել են, թե հանգիստ են գնահատում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «իմպուլսիվ հայտարարությունները» Մինսկի վերաբերյալ:

Հայկական կողմից Բելառուսի ԱԳՆ խոսնակի՝ հունիսի 13-ի մեկնաբանության, մասնավորապես ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ բելառուսական կողմին ներկայացվել է բողոքի հայտագիր: