ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գործընկերները մտադիր են հայտարարել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին, հայտնում է Ամերիկայի ձայնը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի սկսում է իր այցը Եվրոպա՝ քննարկելու համար, թե ինչպես պետք է առաջ շարժվեն ՆԱՏՕ-ի դաշնակիցները՝ ի պատասխան Ուկրաինայում ռուսական ագրեսիայի:
ԱՄՆ նախագահը չորեքշաբթի երեկոյան կժամանի Բրյուսել, որտեղ մարտի 24-ին նախատեսված է ՆԱՏՕ-ի արտակարգ գագաթնաժողովը՝ նվիրված Ուկրաինա ռուսական ներխուժման հարցերին։
Սպասվում է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկին տեսաուղերձով կդիմի ՆԱՏՕ-ի արտահերթ գագաթնաժողովի մասնակիցներին։
Բայդենը կմասնակցի նաև G7-ի հանդիպմանը և Եվրամիության գագաթնաժողովին։
Ուրբաթ օրը ԱՄՆ նախագահը կմեկնի Վարշավա, որտեղ մարտի 26-ին բանակցություններ կվարի Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ, որոնց հիմնական թեման պետք է դառնա Ուկրաինային ռազմական և հումանիտար օգնություն տրամադրելու հարցը։
Ինչպես նշել է Սպիտակ տունը, ուղևորության ընթացքում ԱՄՆ նախագահի գլխավոր խնդիրներից մեկը կլինի եվրոպական դաշնակիցների, ՆԱՏՕ-ի և G7 երկրների միասնության ամրապնդումը ուկրաինական ճգնաժամի պայմաններում։
«Նախագահի համար միասնությունն առաջին պլանում է: Սա միասնություն է մեր եվրոպացի գործընկերների հետ, միասնություն ՆԱՏՕ-ի շարքերում, միասնություն G7-ի միջև»,- մի քանի օր առաջ պարզաբանել է նախագահի մամլո խոսնակ Ջեն Փսակին։ «Ելնելով դրանից՝ նախագահը ձգտում է հասնել շարունակական համակարգմանը և միասնական արձագանքին՝ նախագահ Պուտինի շարունակվող էսկալացիոն գործողություններին ի պատասխան»։
Այցի նախապատրաստական աշխատանքների շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։
Ըստ պետքարտուղարության մամլո ծառայության՝ կողմերը խոսել են «ՆԱՏՕ-ի արևելյան թևի ուժեղացման և դաշինքի արտակարգ գագաթնաժողովի նախապատրաստման շարունակական ջանքերի մասին»։
Ըստ մամլո ծառայության՝ զրույցի ընթացքում Բլինքենն ընդգծել է Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին «ուժեղ և միասնական տրանսատլանտյան արձագանքի անհրաժեշտությունը»։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և նրա գործընկերները մտադիր են հինգշաբթի օրը հայտարարել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին։
«Մենք խոսում ենք պատժամիջոցների նոր փաթեթի մասին»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ՝ նկատի ունենալով Եվրոպայում դաշնակիցների հետ Ջո Բայդենի առաջիկա շփումները։
Սալիվանը մանրամասնել է, որ Վաշինգտոնը Եվրամիության հետ միասին նաև կխստացնի գործող պատժամիջոցները, որպեսզի միջոցներ ձեռնարկի Մոսկվայի կողմից դրանք շրջանցելու հնարավորության դեմ։
Սալիվանը հերքել է, որ ԱՄՆ-ը փորձում է հասնել Ռուսաստանի ղեկավարության փոփոխությանը, թեև պատժամիջոցների ճնշում է գործադրում նրա վրա։
«Մեր տեսանկյունից, թե ինչ կլինի ռուսական քաղաքական համակարգի հետ, կորոշվի Ռուսաստանի ներսում»,- ասաց նա։
«Այն, ինչ մենք կարող ենք անել, երեք հիմնական ոլորտներում ջանքեր գործադրելն է: Դա այն է, ինչ մենք անում ենք՝ օգնելով ուկրաինացիներին ինքնապաշտպանության հարցում, ամրապնդել ՆԱՏՕ-ն և պարտադրել [Մոսկվային] բարձր գին ու հետեւանքներ», – ասել է ամերիկացի առաջնորդի խորհրդականը:
Այնուամենայնիվ, նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն չի բացառում դաշինքի անդամ երկրներից մեկի դեմ կիբերհարձակման կոլեկտիվ պատասխանի հնարավորությունը։
«Այս պատասխանը կարող է տարբեր ձևերով լինել: Բայց մենք ՆԱՏՕ-ի փաստաթղթերում հստակ նշել ենք, որ կիբերանվտանգությունը դաշինքի խնդիր է, որում ՆԱՏՕ-ն պատրաստ է համախմբել ուժերը՝ բարձրացնելու դիմացկունությունը, ուժեղացնելու պաշտպանությունը և, անհրաժեշտության դեպքում, կիրառել համապատասխան գործիքներ ի պատասխան»,- հավելել է Սալիվանը։
Իր հերթին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը հեռախոսով քննարկել է Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների հետ Ուկրաինային տրամադրվող օգնությունը և Ռուսաստանի դեմ հնարավոր նոր պատժամիջոցները, ասել է պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։
Նրա խոսքով՝ «մասնակիցները քննարկել են Ուկրաինային լրացուցիչ ռազմական և հումանիտար օգնություն տրամադրելու կարևորությունը»։
Ինչպես նշել է Փրայսը, զրույցի մասնակիցները «համաձայնել են շարունակել աշխատանքը Ռուսաստանի Դաշնությունը միջազգային ասպարեզում մեկուսացնելու ուղղությամբ»։
Հոդվածը պատրաստվել է Ամերիկայի ձայնի ռուսական ծառայության նյութի հիման վրա