Այն ինչ կոչվում է ատեստավորման գործընթաց, ու իրականությունը, որը կա մեր կրթության համակարգում, իրար հետ աղերս չունեն. Ատոմ Մխիթարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը

– Պարո՛ն Մխիթարյան, գործադիրի հունիսի 27-ի նիստի ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, պատասխանելով Նիկոլ Փաշինյանի այն հարցին, թե ուսուցիչներից մեկն իրեն ասել է, որ կամավոր ատեստավորման թեստերը, ըստ էության, կապ չունեն դասավանդվող դասագրքերի բովանդակության հետ, ասաց, որ ուսուցիչների մոտ առկա է թյուրիմացություն, և որ կրթական ծրագիրը միայն դասագրքերը չեն։ Իսկապե՞ս ուսուցիչները թյուրընկալում ունեն, թե՞ նրանց դժգոհությունն արդարացված է։

– Իհարկե ուսուցիչների դժգոհությունները տեղին են, իսկապես կա թյուրըմբռնում, բայց՝ կառավարության մոտ, թե ինչ ասել է ընդհանրապես կրթություն ու կրթական համակարգ։ Մարդիկ, որոնք որոշումներ են ընդունում ոլորտում, կարծում եմ, պետք է գնան ու անցնեն այդ փուլերը դպրոցից սկսած ու հետո միայն կհասկանան, թե ինչ է կրթությունը ու ինչպես պետք է կազմակերպել ու կառավարել կրթական համակարգը։ 

Այն, ինչը կոչվում է ատեստավորման գործընթաց, ու այն իրականությունը, որը կա մեր կրթության համակարգում, իրար հետ գրեթե աղերս չունեն։ Փաշինյանն ասում է, որ դպրոցը աշակերտի համար է, նույն բանը կարելի է ասել նաև բուհերի համար, որ բուհերը ուսանողինն են, այլ ոչ թե շինարարական կազմակերպություններինը կամ այն մարդկանց, որոնք ուզում են բուհերի շենքերը վերցնել ու հյուրանոցներ կամ այլ զվարճանքի վայրեր սարքել։ Իսկ երբ դուք անունը դնում եք Ակադեմիական քաղաք և ուզում եք բուհերի շենքերը վերցնեք ու նրանց Երևանի կենտրոնից տանեք չգիտեմ որտեղ, արդյոք հարցրե՞լ եք ուսանողների կարծիքը, չէ՞ որ բուհերը նրանց համար են, նույն տրամաբանությամբ եմ ես այս հարցը տալիս։ 

Կրթական ծրագիրը, իհարկե, ավելի լայն է, քան դասագիրքն է, բայց այն գործընթացը, որն անվանում են կամավոր ատեստավորում, ընդհանրապես կապ չունի ո՛չ դասագրքի, ո՛չ էլ կրթական ծրագրի հետ, դա ուղղակի շատ սուբյեկտիվորեն կազմված ինչ-որ թեստեր են, որոնք անընդհատ փոխվում են: Դրանց սկզբունքները ուսուցիչներին հայտնի չեն, ու այդ հարցն անընդհատ օդում կախված է՝ ի՞նչ կապ կարող է ունենալ ուսուցչի գիտելիքն ինչ-որ թեստեր լրացնելու և նրա՝ որպես ուսուցիչ վարձատրվելու հետ, որևէ կապ չկա։ 

Այս գործընթացն օր առաջ պետք է կասեցնել ու փորձել այլ ուղիով գնալ, որովհետև սա լավ տեղ չի տանում, իսկ որ լավ տեղ չի տարել արդեն, դա ակնհայտորեն երևում է այս օրերին ընթացող ընդունելության այդ միասնական քննությունների ֆոնին, երբ մեր լավագույն շրջանավարտներից երեքից մեկը ստանում է բացասական գնահատական մաթեմատիկայից, չորսից մեկը ստանում է բացասական գնահատական սեփական մայրենի լեզվից։ 

– Այսինքն՝ նախարարի հակադարձումը, որ ուսուցիչների մոտ է թյուրիմացություն այդ հարցի մասով, կե՞ղծ եք համարում։

– Այո՛, որովհետև այդպես չէ, եթե նույնիսկ այդպես լինի, ապա մեղավորը լիազոր մարմինն է, այսինքն՝ նախարարությունը, եթե իրենց կարծիքով ուսուցիչների մեջ կա թյուրըմբռնում, դա նշանակում է, որ իրենց մոտ է թյուրիմացութունը, որ իրենք չեն կարողանում մարդկանց բացատրել իրենց առաջարկած փոփոխություններն ու ծրագրերը այնպես, որ ճիշտ ընկալվեն։ 

– Պարո՛ն Մխիթարյան, իսկ ինչո՞ւ է նախարարությունը համառորեն առաջ տանում ատեստավորման այդ գործընթացը, չի լսում բազմաթիվ ուսուցիչների, մասնագետների առաջարկները, բողոքները գործընթացի հետ կապված, ու, ինչպես ասացիք, չի դադարեցնում այն։

– Շատ զարմանալի է։ Այստեղ շատ պարզ ճշմարտություն կա, որ այս ոլորտում որոշում կայացնողների միտքը ճկուն չէ, ու այդքան է սանդղակը, ու դրանից ավելի չեն կարող մտածել, թե ինչ կարելի է անել։ Իմ հորդորն է այդ մարդկանց՝ ուղղակի վեր կանգնել դրանից ու կողքից նայել, թե ինչ են անում իրենք, ու դա ում է պետք, ու արդյունքը ինչ է։ Հակառակ դեպքում տարեցտարի և՛ կրթության որակն է ընկնում, և՛ մենք մեր հարևաններից ենք հետ ընկնում, և՛ նորմալ աշխատուժ չենք կարողանում տալ բուհերին, դիմորդները գալիս են էապես ավելի ցածր գիտելիքներով, քան մենք ունեինք սրանից 5-10-ը տարի առաջ։ 

Անդունդի եզրին ենք կանգնած այս առումով, խորհուրդ կտամ այդ որոշում կայացնողներին փոխեն, նոր մարդիկ գան, փորձեն ինչ-որ մի բան անել, ես չգիտեմ, թե էլ ի՛նչ ձևով բացատրենք այդ մարդկանց, որ բավակա՛ն է, դադարեցրե՛ք այդ գործընթացը։ Ընդ որում՝ սա միայն իմ բառերը չեն, շատ-շատ ուսուցիչներ են այս մասին ասում՝ ախր, իրենց ինչի՞ն է պետք, դա կրթական համակարգին վնասից բացի՝ որևէ օգուտ չի տալիս։

– Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ մենք մինչ օրս սխալ կամ թյուր կարծիք ունենք դպրոցի մասին, որ դպրոցը միայն աշակերտինն է, այլ ոչ թե ուսուցչինը, համայնքինը, որ այն աշխատատեղ չպետք է դիտարկել։ Իսկապե՞ս մենք սխալ ենք ընկալել դպրոցի դերն ու նշանակությունը այսքան տարի։

– Դա ևս, կարելի է ասել, թյուրըմբռնում է դպրոցի ու, ընդհանրապես, կրթության վերաբերյալ, որովհետև դպրոցը ու հատկապես այն դպրոցները, որոնք գործում են սահմանամերձ, բարձրլեռնային համայնքներում, համայնքաստեղծ նշանակություն ունեն։ Դպրոցը, ըստ էության, որոշ գյուղերի պարագայում դառնում է միակ տեղը, որտեղ մարդիկ կարող են աշխատել։ Իհարկե, առաջին հերթին դպրոցը կրթություն տալու, քաղաքացի դաստիարակելու համար է, բայց դպրոցը չի կարող լինել ուղղակի կրթություն տալու վայր, այն նաև սոցիալականացման, մեծերի հետ անընդհատ շփման ու նրանցից ինչ-որ բան սովորելու վայր է։ Այսինքն՝ դպրոցը մի ամբողջ սոցիալական էկոհամակարգ է, որտեղից եթե մի բաղադրիչը հանես, այն ուղղակի կքանդվի։ Իսկ այդ թյուրըմբռնումը, որի մասին խոսել է Նիկոլ Փաշինյանը, որ դպրոցը միայն երեխայինն է, ու կարևոր չէ այնտեղ մնացած գործողություններն ով է իրականացնում, իրականում խաթարելու է այդ էկոհամակարգը ու լրացուցիչ հարված է հասցնելու մեր կրթության համակարգին։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am