Ես մասնագետ եմ, բայց ինձ նման բան ցույց չեն տվել, կանոնակարգն այն է, թե ինչ պայմաններով են սահմանազատումն անելու. Ռուբեն Գալիչյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է աշխարհագրագետ և քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալիչյանը 

– Պարո՛ն Գալիչյան, 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները միմյանց են փոխանցել կանոնակարգի նախագծերը, ինչպես հայտնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը։ Ի՞նչ ասել է կանոնակարգի նախագիծ։

– Կանոնակարգն այն է, որ ըստ դրա պետք է ամբողջ սահմանազատումն ու սահմանագծումը կատարվեն, այսինքն՝ պետք է ընդունվեն հիմքերը և այլն: Նախապես ասվել է, որ այն պետք է լիներ 1991-ի ժամանակ գոյություն ունեցող խորհրդային ռազմական շտաբի քարտեզների հիման վրա, բայց ես չգիտեմ, թե նորի մեջ ինչ է գրված, մինչև դա չտեսնեմ, չեմ կարող որևէ բան ասել ու հույս ունեմ, որ նույն հիմքի վրա կշարունակեն։ 

Եթե 1991-ի քարտեզների հիման վրա՝ Խորհրդային Միության վերջին քարտեզներով, չշարունակեն, ապա Ադրբեջանը շատ հանգիստ կարող է ասել, որ իր գրաված բարձունքները չի վերադարձնում։ Բայց, կրկնում եմ, որ առանց այդ նոր կանոնակարգը տեսնելու՝ ես ինձ իրավունք չեմ վերապահի խոսել ու ասել, թե ինչ է դա։ 

– Այսինքն՝ կանոնակարգն իրենից ենթադրում է այն կետերն ու հիմքերը, որոնց շուրջ կողմերը համաձայնությա՞ն են գալիս գործընթացը սկսելու համար։

– Թե ի՛նչ պայմաններով են սահմանազատումն անելու, այո՛։

– Իսկ այս դեպքում ի՞նչ է ստացվում՝ առանց կանոնակարգի Տավուշի մարզում սահմանազատո՞ւմ անցկացվեց։

– Տավուշում կատարվածն այն էր, որ, ըստ իրենց նախնական համաձայնության՝ Ադրբեջանը համաձայնել է, որ 1991 թվականի խորհրդային քարտեզներով գործընթաց սկսի: Եթե դա շարունակենք, ապա այդ մյուս բոլոր տարածքները, որ Ադրբեջանը գրավել է՝ 200 քառակուսի կիլոմետրից ավելի, մեզ պետք է վերադարձնի, բայց Ալիևի հայտարարությունները Սահմանադրության վերաբերյալ ցույց են տալիս, որ նա ընդհանրապես չի ուզում խաղաղության պայմանագիր ստորագրել։ 1976-ի քարտեզներն էլ նույնն են, ինչ 1991-ինը, որևէ փոփոխություն չի եղել։ Եթե 1976-ինը շարունակեն մինչև հարավի սահման՝ Իրանի սահման, դա կլինի ի նպաստ մեզ։

– Պարո՛ն Գալիչյան, բայց կարծիքներ են հնչում, որ եթե սահմանազատումը այս նույն տրամաբանությամբ շարունակվի Սյունիքի մարզում, մենք դրանից հետո չենք ունենալու անկախ Հայաստան։

– Դա անտեղյակ մարդու խոսք է, այդպիսի բան չի լինելու, նման բան չկա։ Սահմանազատում եթե եղավ, Ադրբեջանի ու մեր միջև եղած խորհրդային սահմանը նորից կվավերացնենք, կվերջնականացնենք, Սյունիքն ամբողջովին մերը կլինի, Ներքին Հանդը, Դավիթ Բեկի շրջակա տարածքները բոլորը մերն են։ Կարևոր է, որ եթե Ադրբեջանը մեր բարձունքներից հեռանա, գյուղացին կկարողանա իր դաշտերը մշակել։ 

– Այս գործընթացի հետ կապված որոշակի տեղեկատվության տրամադրումը հանրությանը, նույն կանոնակարգի վերաբերյալ, որքանով որ կարելի է մանրամասներ ներկայացնելը, սխա՞լ է, որ այսպես գաղտնի է պահվում։

– Քանի որ դա դեռ պետք է համաձայնեցվի, հետո գնա խորհրդարան, այնտեղ վավերացվի, ընդհանրապես նման թղթերը հանրությանը չեն ներկայացվում, մասնագետներին պետք է ներկայացվեն, ես մասնագետ եմ, բայց ինձ նման բան ցույց չեն տվել։

– Պարո՛ն Գալիչյան, այսինքն՝ եթե 1991-ի քարտեզներով շարունակեն, մեզ համար այն ձեռնտո՞ւ է։

– Այո՛, մեզ համար նպաստավոր է։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am