Ղազախստանում հարուցվել է 1822 քրեական գործ ահաբեկչության, սպանությունների և այլ փաստերով

 Ղազախստանում հունվարյան դեպքերի փաստերով հարուցվել է 1822 քրեական գործ, որոնցից 116-ը փոխանցվել է հատուկ գործերով զբաղվող դատախազներին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված տեղեկությունը հայտնել է Ղազախստանի Ներքին գործերի նախարարությունը:

«Սպուտնիկ Ղազախստան»-ը նշում է, որ քրեական գործերը հարուցվել են ահաբեկչության, սպանությունների, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնությունների, խուլիգանության, պետական մարմինների շինությունների վրա հարձակումների փաստերով:

Մինչ այդ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը համատեղ խորհրդակցություն էր անցկացրել գլխավոր դատախազության, Ազգային անվտանգության կոմիտեի, Ներքին գործերի նախարարության և Պաշտպանության նախարարության հետ:

ՀԱՊԿ անդամ Ղազախստանի մի շարք բնակավայրերում տարվա սկզբին՝ հունվարի 2-ից սկսվել էին բողոքի ցույցեր, որոնք հետագայում վերաճեցին զանգվածային անկարգությունների, հարձակումներ իրականացվեցին պետական մարմինների վրա:

Տեղի ունեցած անկարգություններից հետո իրավապահ մարմինները մոտ 8 հազար մարդ են ձերբակալել Ղազախստանում: