Օրերս համացանցում մի տեսանյութ էր հայտնվել, որում մանկապարտեզի աշխատակիցը ծեծում էր երեխային։ Տեսանյութը լայն տարածում գտավ։ Բողոքի ալիք բարձրացավ։ ՆԳՆ-ն արագ զբաղվեց հարցով։ Մեղադրյալը ձերբակալված է, տնօրենին տրվել է խիստ նկատողություն։
Ամեն ինչ ճիշտ է։ Իհարկե կգտնվեն մարդիկ, որ կասեն՝ մեկ դայակ ձերբակալելով հարցը չես լուծի, խնդիրը համակարգային է և անգամ սոցիալ-մշակութային, և ճիշտ կլինեն։ Այստեղ սակայն պետք է հասկանալ, որ հենց համակարգային խնդրի լուծման համար շատ կարևոր է թիրախային, ինչ-որ տեղ անգամ՝ ցուցադրական պատիժը։
Դա ազդակ է ամբողջ համակարգի և հասարակայնության համար, որ բռնության մենաշնորհը տնօրինողը, նույն ինքը` պետությունը, չի հանդուրժում նման քայլեր։ Այն կօգտագործի իր ուժի կիրառման հնարավորությունները մեղավորներին պատժելու համար։
Նման աղմկահարույց գործերը ազդակ են այն մասին, թե ինչն է պետությունը համարում կարելի և ինչը՝ չի կարելի։ Դուք կասեք` այդ ամենը օրենսգրքերում գրված են։ Բայց մենք շատ լավ գիտենք, որ գետնի վրա խաղի կանոնները փոքր-ինչ այլ են։
Դատելով ՆԳՆ արագ արձագանքից և իշխող կուսակցության ներկայացուցիչների իրար հերթ չտվող ֆեյսբուքյան դատապարտող գրառումներից` բռնությունը պարտեզներում անընդունելի է։ Սա միանշանակ ողջունելի է։ Ես երկու ձեռքով կողմ եմ այս դիսկուրսին և սատարում եմ այն։
Բայց արդյո՞ք ընդհանրապես բռնությանն է դեմ մեր ներկայիս կառավարությունը։ Հավանաբար՝ ոչ։ Երբ քաղաքացին վիրավորական խոսք հնչեցրեց ԱԺ նախագահի հասցեին, վերջինս կարող էր դատի տալ նրան, բայց նախընտրեց թքել նրա վրա` օգտվելով սեփական սոցիալական դիրքի առավելություններից։ Դեպքը կրկին մեծ արձագանք գտավ հանրության մեջ։ Արդյոք ոստիկանությունը ձերբակալեց նրան կամ զբաղվե՞ց այս գործով։
Նույն կերպ նաև այլ դրվագներ, մեծ և փոքր, որոնք եղան և չհետաքննվեցին։ Եվ սա նույնպես հատուկ ազդակ է պետությունից սիրելի հայ ժողովրդին։ Այն է` բռնությունը մեր երկրում դատապարտելի է, բայց նայած ի՛նչ բռնություն։ Իսկ ավելի ճիշտ, նայած` ում կողմից իրականացվող բռնություն։
Պետություններ կան, որտեղ քաղաքական էլիտաները արգելքներ են գծում իրենց համար և իրավունքներ` ժողովրդի (սա օգնում է, որ իրար չուտեն, և համակարգը աշխատի): Պետություններ էլ կան, որտեղ էլիտաները արգելքներ են գրում ժողովրդի համար, և իրավունքներ՝ իրենք իրենց համար։
Հետո իհարկե զարմանում են, թե ինչու մի օր այդ ժողովուրդը ամենաթողությամբ գալիս է իշխանության և բարբարոսություններ իրականացնում։ Սա նրանից է, որ ժողովուրդն ուզում է էլիտաների հետ էլիտաների իսկ գրած օրենքներով վարվել։
Եթե քեզ կարելի է անել ամեն ինչ և չպատժվել, ապա ես էլ եմ ուզում անել ամեն ինչ, և ո՞վ է իմ պատժողը։ Սա իհարկե վատագույն սցենարն է, և Աստված չանի մենք սրա պես մի բան տեսնենք։ Բայց եթե պետությունը չվերանայի հանրությանը ուղարկվող իր ազդակները, ոչ մի լավ բան մեզ խոստացված ապագայից սպասել չի կարող։
Լիաննա Խաչատրյան
MediaLab.am