Ե՛վ երկրորդ նախագահը, և՛ երրորդ նախագահը պետք է իրապես հեռանան քաղաքական ասպարեզից. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան (News.am)

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը News.am-ի հետ հարցազրույցի ժամանակ խոսել է Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման հաջողությանը խոչընդոտող հանգամանքներից։ Դրանք, ըստ Շիրակի թեմի առաջնորդի՝ երկրորդ ու երրորդ նախագահների «ստվերն ու ուրվականն են»։

«Հիմա թերևս, ավելի բացահայտ կարող եմ ասել՝ հիմնական պատճառը նախկին նախագահների ստվերն է և ուրվականը։ Այդ ուրվականներից Բագրատ Սրբազանը չի կարող ազատվել, այդ ուրվականների հեղինակները պետք է հայտարարեն իրենց հեռացման մասին ու իրապես հեռանան։ Հայրենիքի փրկությունը դա պահանջում է, ու եթե դա իրենք չեն անում, ուրեմն իրենք հայրենիքի փրկության մասին չեն մտածում, իրենք մտածում են իշխանության վերադառնալու կամ, այսպես ասած, ընդդիմության իշխանությունը պահպանելու մասին։ 

Ե՛վ երկրորդ նախագահը, և՛ երրորդ նախագահը պետք է հեռանան քաղաքական ասպարեզից․ սթափ բանականությունը, սթափ դատողությունը, սթափ հաշվարկը դա են պահանջում, ու եթե իրենք դա չգիտեն, նշանակում է, որ իրենք բան չեն հասկանում։ Ե՛վ երկրորդ նախագահը, և՛ իր որդին պետք է հեռանան, պետք է հայտարարեն ու իրոք, փաստացի հեռանան, նույնը վերաբերում է երրորդ նախագահին։ Նա պետք է բաց թողնի այդ Հանրապետական կուսակցությանը, վերջիվերջո, պետք է հեռանա ինքը, ինչպես պատահական մտավ, այդպես պատահական էլ պետք է դուրս գա, այլապես ոչինչ հնարավոր չէ, դա անհրաժեշտ է։ 

Եթե մենք ժողովրդի քվեով ենք ուզում գնալ իշխանության, սա անխուսափելի է, սա պետք է անել, ու եթե մինչև հիմա չեն անում, ուրեմն չեն ուզում, որ լինի։ Չպետք է Բագրատ Սրբազանը գնա, իրենց ասի՝ հեռացեք, իրենք էլ խռովեն, իրենց ամբողջ ռեսուրսներով հանդերձ թողնեն գնան, իրենք պետք է հասկանան, որ սա է ճանապարհը, չկա ուրիշ ճանապարհ։ Իրենց սխալների հետևանքով, թող դրանք լինեն հինգ տոկոս, ժողովուրդը այդ հինգ տոկոսը ֆետիշացրել է, դարձրել՝ իննսունհինգ։ Իրենց սխալների պատճառով ժողովրդի ճնշող մեծամասնությունն իրենց անունը լսել չի ուզում։ Իրենք պետք է դա հասկանան ու հայրենիքի փրկության համար ասեն՝ լավ, թող ես կորչեմ, բայց հայրենիքը փրկվի։ Իրենք դա կարող էին անել մինչև պատերազմը, պատերազմից հետո, դա կարող էին անել այս շարժումից առաջ, շարժման ընթացքում, բայց դրա փոխարեն իրենք անում են մի բան, որ լրիվ հակառակ է առողջ բանականությանը։ 

Իրենք փորձում են ներկայացնել, Բագրատ Սրբազանի մոտ էլ թերևս այն տպավորությունը ստեղծել, որ առանց մեզ ոչ մի բան էլ չես կարող անել, իրենք պետք է հեռանան իրապես, իրենց ստվերը չպետք է երևա ընդհանրապես։ Թող Հանրապետական կուսակցությունը քառասուն կտորի բաժանվի, դրանից ոչ մի վնաս չկա հայ ժողովրդին, արդեն իրենց գոյությունն էր, որ բերեց այս վնասն ու աղետը, իրենց ամբարտավանությունն էր, որ ամեն ինչ անցնելու է Մելիք-Ադամյանով, այդ ամբարտավանությունն էր, որ հասցրեց այս վիճակին։ 

Իսկ հիմա ասում են, որ Սերժ Սարգսյանը հեռանա, Հանրապետական կուսակցությունը կքայքայվի, է, թող քայքայվի, էդ Հանրապետական կուսակցությունը ավելի՞ կարևոր է, քան հայրենիքը, ավելի լավ է ՀՀ՞-ն քայքայվի, քան Հանրապետական կուսակցությունը, ավելի լավ է Քոչարյանի այդ կոալիցիա՞ն քանդվի, քան ՀՀ-ն, ո՞րն է ավելի լավ, ո՞րն է ավելի գերադասելին: Պարզ չէ՞, որ իրենց հեռանալն ու իրենց կուսակցությունների քանդվելն ավելի գերադասելի են, քան ՀՀ-ի կազմալուծումը։ Իրենք եթե հեռանան, անշուշտ կհաջողվի, իրենց պատճառով է, որ մայիսի ինը դարձավ հոկտեմբերի երեք»,- մասնավորապես ասել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը News.am-ին տված հարցազրույցի ժամանակ։