«Ռեյտինգայինով նախկին կամ այսօրվա հանրապետականներին ներգրավելը կվարկաբեկի ՔՊ-ն»․ Ստեփան Գրիգորյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

– Պարո՛ն Գրիգորյան, արտահերթ ընտրությունների նախաշեմին սկսել են քննարկել հարցը, թե ի՛նչ ընտրական ցուցակով է հանդես գալու Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Հասարակության կողմից սոցիալական ցանցերում արդեն բողոք է նկատվում նախկին ՀՀԿ-ականներին այդ ցուցակում ներգրավելու հարցի շուրջ: Ի՞նչ ցուցակ պետք է կազմի ՔՊ-ն, որպեսզի արդարացվեն հանրության սպասելիքները:

– Ես չեմ կարծում, որ հասարակության սպասելիքները պետք է արդարանան ցուցակով, սպասելիքներն առաջին հերթին ուրիշ ոլորտում են արդարանում: Խոսքը կոռուպցիայի դեմ պայքարի մասին է, կադրային նշանակումների հարցը ևս կարևոր է: Գիտենք, որ վերջին նշանակումները հարցեր առաջացրեցին հասարակության շրջանում: Բացի դրանից, մեծ քաղաքական ու հասարակական դժգոհություն առաջացրեց այն, որ ընտրական օրենսդրությունը չփոփոխվեց:

Բայց ես համաձայն եմ ձեզ հետ, որ ընտրական ցուցակն էլ է կարևոր: Օրինակ՝ եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ռեյտինգային ընտրակարգով ընտրական գործընթացի մեջ ներգրավի վարկաբեկված մարդկանց, նախկին կամ գործող հանրապետականներին, դա լուրջ դժգոհություն կառաջացնի:

Հասարակությունը հիմա ուշադիր հետևում է այդ գործընթացներին, քանի որ ՔՊ-ից որոշ ներկայացուցիչներ հայտարարեցին, որ հնարավոր է՝ իրենց կենտրոնական ցուցակում հայտնվեն հանրապետականներ: Բայց ամենակարևորը ռեյտինգայինով առաջադրվողների հարցն է, մարդիկ կնայեն՝ նախկին թաղային հեղինակություններին, վարկաբեկված դեմքերին կներառե՞ն իրենց շարքերը, թե՞ ոչ: Մարդիկ սպասելիքներ ունեն, դրանց մի մասը վերջին ժամանակահատվածում չեն արդարանում, հետևաբար, այս հարցի նկատմամբ է՛լ ավելի ուշադիր կլինեն:

– Հաշվի առնելով այն, որ նոր Ընտրական օրենսգիրքը չընդունվեց, ի՞նչ ընտրություններ կարելի է սպասել: Այսինքն՝ հետքա՞յլ է լինելու:

– Միանշանակ՝ լուրջ հետքայլ է լինելու, որովհետև ռեյտինգային ընտրակարգը կուսակցություններին հնարավորություն չի տալիս հավասար պայմաններ ունենալ: Ինչի՞ մասին է խոսքը: Ռեյտինգային ընտրակարգը պահանջում է լուրջ ռեսուրս՝ մարդկային և ֆինանսական: Իսկ այդ ռեսուրսն ունեն ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն, մասամբ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», քանի որ իրենք այսօր իշխանություն են: Ստացվում է այնպես, որ չփոխելով Ընտրական օրենսգիրքը, ՔՊ-ն առաջինը հեղափոխության սկզբունքներից հետ կանգնեց:

Երկրորդ՝ այն քաղաքական ուժերը, որոնք ռեսուրս ու փող չունեն, անհավասար վիճակում հայտնվեցին: Դուք գիտեք, որ, օրինակ՝ կա Ազատ դեմոկրատներ կուսակցությունը, որը բավական ազատ է լիբերալ դաշտում, բայց չունի այնքան ռեսուրս, որքան ԲՀԿ-ն ունի: Կամ, օրինակ՝ նորաստեղծ «Սասնա ծռեր» կուսակցությունը, նրանք իրենց նշաձողն ունեն, բայց հայտնվել են անհավասար դաշտում: Կստացվի, որ այն ուժերը, որոնք գաղափարախոսություն կրող են, բավական ծանր վիճակում կհայտնվեն: Եվ այստեղ շատ կարևոր է հասարակությանը բացատրել, որ այդ ռեյտինգային ընտրակարգի բացասական կողմը պետք է մինիմումի հասցնել՝ ապահովել այն, որ մարդիկ գնան քվեարկության և հնարավորինս շատ քվեարկեն միայն կուսակցությունների օգտին:

– Կարո՞ղ ենք ասել որ նման քայլերով նոր իշխանություններն իրենց որդեգրած քաղաքականությունից հետ են կանգնում:

– Ես նորմալ եմ գնահատում, որ Ազգային ժողովն իրավունքի ուժով արձակվեց: Այո՛, կարճ ժամկետ է մնացել արտահերթ ընտրություններին, բայց պետք էր ազատվեինք այդ խորհրդարանից: Այստեղ ես նոր կառավարությանը ողջունում եմ, բայց այն, որ նոր կառավարությունը ջանքեր չգործադրեց, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը հաստատվի, դա հետքայլ է:

– Իսկ կադրային քաղաքականության հարցում ի՞նչ եք նկատում: Պե՞տք է հստակ զերծ մնալ նախկին կադրերին նոր կառավարման մեջ ներգրավելուց, խորհրդարան բերելուց, թե՞ դա չի հակասում հեղափոխության սկզբունքներին:

– Շատ անգամ իրավիճակը կապում են անձանց հետ՝ այս անձը լավն է կամ վատը: Անձն այստեղ նշանակություն չունի, խոսքը Հանրապետական կուսակցության մասին է, այն կուսակցության, որը 20 տարվա ընթացքում այս երկիրը հասցրեց կատաստրոֆիկ վիճակի:

Դու ո՞նց կարող ես այդպես հեշտ պաշտոններ տալ նրանց: Պետք է տեղի ունենա լյուստրացիա, ինչ-որ ժամանակ պետք է անցնի: Ես տեղին չեմ համարում ռեյտինգայինով նախկին կամ այսօրվա հանրապետականներին ներգրավելը, դա կվարկաբեկի «Քաղաքացիական պայմանագիրը»:

Բայց եկեք առաջ չընկնենք, ցուցակները կհրապարակվեն՝ կտեսնենք: Բայց ուզում եմ հստակ ֆիքսենք հետևյալ միտքը. մեզ պետք է, որ ընտրվեն ոչ թե այն ուժերը, որոնք 100 անգամ իրենց կարծիքը փոխել են, ՀՀԿ-ի հետ դաշինքի մեջ են մտել ու դուրս եկել, այլ մեզ պետք են նոր խաղացողներ կամ էլ հին, բայց չվարկաբեկված: Ես արդեն երկու կուսակցություն թվարկեցի, կարող եմ շարունակել այդ շարքը: Պետք է փոխել մթնոլորտը, քանի որ մեզ պետք է, որ խորհրդարանում ընդդիմախոսներ լինեն:

Նոր խորհրդարանին պետք են քաղաքական ուժեր, որոնք հարցեր կբարձրացնեն, կբանավիճեն կառավարության հետ, այլ ոչ թե անընդհատ ինտրիգների մեջ մտնողներ: Եթե չլինեն ուժեր, որոնք կարող են վերահսկել կառավարությանը, հարցեր բարձրացնել, վիճել կառավարության հետ, կառավարությունը չի կարող աշխատել: Թող լինի 30 տոկոսանոց ընդդիմություն, բայց այդ 30 տոկոսը պետք է ակտիվ լինի: Բայց դրանք չպետք է լինեն ուժեր, որոնք անընդհատ նույն երգն են երգում և վարկաբեկված են:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am