Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի միջև նախատեսված հանդիպումը չեղարկվել է. «Ազատություն»

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի միջև Ժնևում նախատեսված հանդիպումը չեղարկվել է։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանի փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմը վերջին պահին հրաժարվել է նախապես ձեռքբերված պայմանավորվածությունից։

Հանդիպման չեղարկման պատճառների մասին ԱԺ նախագահը Երևան վերադառնալուց հետո հանդես կգա լրացուցիչ պարզաբանմամբ, հավելել է նրա մամուլի քարտուղարը։

Հանդիպումը նախատեսված էր Ժնևում ընթացող Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի շրջանակներում։ Կառույցի խոսնակ Թոմաս Ֆիցսիմոնն ասել էր, որ Սիմոնյանն ու Գաֆարովան կքննարկեն տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ջանքերը։

Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի նիստը նախատեսված է հոկտեմբերի 13-17-ը:

Սիմոնյան-Գաֆարովա վերջին հանդիպումն այս տարվա մայիսին էր Ժնևում։ Այս հանդիպումից մանրամասներ հայկական կողմը չի հաղորդել։ Բաքուն միայն տեղեկացրել է, որ երկու երկրների խորհրդարանների ղեկավարները քննարկել են խորհրդարանների ներդրումը խաղաղության գործընթացին։
Սիմոնյանի և Գաֆարովայի մարտին կայացած առաջին հանդիպումը Երևանը կառուցողական էր որակել։