Երևանում քաղաքացիների զանգվածային ունեզրկման թեմայով խորհրդարանական լսումներ կանցկացվեն

Երևանում քաղաքացիների զանգվածային ունեզրկման թեմայով խորհրդարանական լսումներ կանցկացվեն
Երևանում քաղաքացիների զանգվածային ունեզրկման թեմայով խորհրդարանական լսումներ կանցկացվեն

ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է.

«ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 7-ին,ԱԺ նիստերի դահլիճում կկայանա խորհրդարանական լսումներ «Պետության կողմից «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետեւանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով։

Հանցագործություններից ամենասարսափելին այն հանցագործություններն են, որոնք իրականացվում են պետության ձեռքով, «պետական շահի» հիմնավորմամբ՝ թիրախավորելով քաղաքացուն եւ քաղաքացու սահմանադրական իրավունքները, երբ քաղաքացուն պաշտպանելու կոչված ինստիտուտները լծվում են քաղաքացու իրավունքները համակարգայնորեն, նպատակուղղված տրորելու գործին։

Ցավոք, անկախ Հայաստանի պատմության ընթացքում նախկին իշխանությունների կողմից քաղաքացիների իրավունքների ոտնահարման այսպիսի դեպքերը բազմաթիվ են։ Այդ դեպքերից յուրաքանչյուրը մեր պետության խարանն է, անարգանք ՝ մեր սահմանադրության, մեր պետականության, քաղաքացու արժանապատվության ու մեզնից յուրաքանչյուրի նկատմամբ։

2000 թ. նոյեմբերի 25-ի ՀՀ կառավարության որոշմամբ և դրան հաջորդած սեփականության օտարման և կառուցապատման որոշումներով հայաստանում սկիզբ է դրվել քաղաքացիների զանգվածային ունեզրկման գործընթացին։ «Հանրային գերակա շահ» հիմնավորմամբ քաղաքացիների գույքի օտարումը նախապատրաստման, գնահատման, բողոքարման և հարկադիր կատարման փուլերում իրականացվել է բազմաթիվ իրավախախտումներով, որ արձանագրվել են և Մարդու Իրավունքների Պաշտպանի, և անկախ լրագրողների ու իրավապաշտպանների, և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներում։

Ես համոզված եմ, որ իրապես ժողովրդավար ու իրավական պետություն կառուցելու ճանապարհը ձախողված է, քանի դեռ մենք չենք մաքրել այս խարանը, չենք գաղտնազերծել ու վերաբացել կոծկված գործերը, չենք վերականգնել իրավազրկված քաղաքացիների իրավունքները։

Պետության կարիքների համար գույքի հարկադիր օտարման միջոցով սեփականազրկված քաղաքացիների իրավունքների վերականգնումը «Իմ Քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի հիմնարար դրույթներից էր, և այժմ մենք քայլ առ քայլ սկսում ենք դրա իրականացումը։

Առաջին քայլը խորհրդարանական լսումների նախաձեռնումն է։ Լսումների նպատակն է վերհանել հանրության կարիքների համար գույքի հարկադիր օտարման միջոցով սեփականազրկված քաղաքացիների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերը, գործընթացի իրականացման տարբեր փուլերում առկա իրավախախտումները, քննարկումներ սկսել օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության և այդ տարիներին քաղաքացիների սեփականության խախտված իրավունքների վերականգնման հնարավոր իրավական ուղիների մշակման շուրջ»