ԱԺ պատգամավոր Զառա Բաթոյանը գրել է.
«Գործընկերներիս՝ Հերիքնազ Տիգրանյանի և Լենա Նազարյանի հետ հեղինակել և շրջանառության մեջ ենք դրել մի նախագիծ, որի ընդունմամբ հասարակական կազմակերպությունները իրավասու կլինեն իրենց կանոնադրական նպատակների շրջանակում պաշտպանելու կազմակերպության շահառուների և անդամների կոլեկտիվ շահերը դատարանում, եթե դրանք վերաբերեն խտրականության չենթարկվելու իրավունքի պաշտպանությանը։
Բացի այդ, նախագծով հանվել է բնապահպանական կազմակերպությունների համար հայցադիմում ներկայացնելու համար պայմանը, ըստ որի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի շրջանակներում մասնակցել է հիմնադրութային փաստաթղթերի կամ նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային քննարկումներին կամ հանրային քննարկումներին մասնակցելու հնարավորություն չի տրվել իրեն։
Նախագծերի փաթեթով խտրականությունը բացառող հանգամանքներն ապացուցելու պարտականությունը դրվում է պատասխանողի վրա:
Նախագիծը մշակվել է հասարակական կազմակերպությունների առաջարկների հիման վրա և Արդարադատության նախարարության մեր գործընկերների աջակցությամբ։
Նախագծի փաթեթի վերաբերյալ առաջարկները կարող եք ուղարկել [email protected] էլ փոստին»։