Հակոբ Արշակյանը մասնակցել է «Դիջիթեք Էքսպո 2019» ցուցահանդեսի բացման արարողությանը

Հակոբ Արշակյանը մասնակցել է  «Դիջիթեք Էքսպո 2019» ցուցահանդեսի բացման արարողությանը
Հակոբ Արշակյանը մասնակցել է «Դիջիթեք Էքսպո 2019» ցուցահանդեսի բացման արարողությանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 6-ին մասնակցել է տեխնոլոգիական ոլորտի ամենամեծ միջոցառումներից մեկին՝ հոբելյանական 15-րդ «Դիջիթեք Էքսպո 2019» ցուցահանդեսի բացման արարողությանը։

Հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև տեղական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Պատվավոր հյուրերի թվում էին «Ինֆոսիս» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրտին և «Մուբադալա» ներդրումային ֆոնդի փոխնախագահն ու փոխգործադիր տնօրենը։
 
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և ԴիջիԹեքի ավանդական պլատինե հովանավոր «Ucom» ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը ողջունել են  ցուցահանդեսի մասնակիցներին։
 
Նախարար Հակոբ Արշակյանն իր խոսքում բարձր է գնահատել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության դերը   «Դիջիթեք Էքսպո»-ի կազմակերպման և անցկացման գործում։ Նա նշել է, որ  մեծ ջանքերի և աշխատանքի շնորհիվ է, որ Հայաստանում ամենամյա նման միջոցառում կա, որը պետք է տարեցտարի ավելի զարգացնել, ընդլայնել և ավելացնել աջակցությունը։
 
Հակոբ Արշակյանը հատկանշական է համարել, որ «Դիջիթեք Էքսպո»-ին զուգահեռ մեկնարկում է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը, որի հարյուրավոր հյուրերը տասնյակ երկրներից, այդ թվում նաև՝ պաշտոնական պատվիրակությունները, այցելելու են «Դիջիթեք» ցուցահանդեսին: Նախարարը նշել է, որ սա մեծ հնարավորություն է՝ ներկայացնելու հայկական արտադրանքը և մեր ծառայություններով ու պրոդուկտներով դուրս գալ տարածաշրջան։
 
Նախարարը նաև ընդգծել է, որ Մուբադալա ֆոնդը, որն Աբու Դաբիի պետական, պաշտոնական ֆոնդն է՝ շուրջ 200 միլիարդ ակտիվներով, մեծ հնարավորություն է տեսնում ներդրումներ կատարելու Հայաստանի տեխնոլոգիական ոլորտում։
 
Բացման հանդիսությունից հետո բարձրաստիճան հյուրերը շրջել են ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել մասնակից ընկերությունների գործունեությանը, արտադրանքին և ծառայություններին։ Ցուցահանդեսն այս տարի յուրահատուկ է նրանով, որ տաղավարներ են հատկացվել նորաստեղծ ստարտափ, ինժեներական և ռազմարդյունաբերական ընկերություններին։  «Դիջիթեք Էքսպո 2019»-ին առանձին տաղավարով հանդես է գալիս նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։
Ցուցահանդեսի շրջանակներում  ստորագրվել է փոխադարձ գործունեության պայմանագիր, որով «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների մեթոդաբանությունն ու ուսումնական մոդելը՝ որպես պիլոտային ծրագիր, կարտահանվի Հնդկաստանի 2 դպրոցներում:
 
«ԴիջիԹեքն» իրականացվում է արդեն 15-րդ տարին անընդմեջ ԱՏՁՄ-ի կողմից` ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:
 
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն