Հինգ տարի առաջ ընդունված օրենքը լիովին համապատասխանում է Սահմանադրությանը. թալանի վերադարձը ժամանակի հարց է. Ջուլհակյան

Աժ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը գրում է.

«Ուղիղ հինգ տարի առաջ այս օրը Ազգային ժողովն ընդունեց Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը։ Ավելորդ է ասել, թե ինչ տեղեկատվական աղմուկով էր ուղեկցվում այդ օրենքի ընդունումը։ Էլ շանտաժ, էլ մանիպուլյացիա, էլ սպառնալիքներ։ Պարզ է՝ այդչափ ջանասիրությամբ թալանածը վերադարձնելու պատրաստակամություն հեչ չկար։ Ինչևէ, չնայած այս ամենին, օրենքն ընդունվեց և սկսվեց կիրառվել։ Կարճ անցած խորհրդարանական ընդդիմությունը, որի առաջնորդների և նրանց հետ փոխկապակցված անձանց անունները՝ կից միլիոնավոր, երբեմն՝ միլիարդավոր դրամներով, մենք հետագայում պետք է տեսնեինք դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը վերաբերող հաղորդումներում, դիմեց Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ԱՄԲՈՂՋ օրենքը։ Ոչ թե կոնկրետ հոդված, կոնկրետ դրույթ, այլ ամբողջ օրենքը։

Հույսը, բնականաբար, այն էր, որ օրենքի գործողությունը կկասեցվի մինչև Սահմանադրական դատարանի կողմից որոշման կայացումը, իսկ մինչ դա ով սաղ, ով՝ մեռած։ Մի բան կանեն, մի բան կլինի։ Թալանի փրկության շարժումը կհաջողի, հեղաշրջում կանեն։ Բախտը չժպտաց սակայն նրանց, օրենքի գործողությունը չկասեցվեց, Թալանի փրկության շարժումն էլ մաշվեց մինչև քոքը։

Այս ընթացքում դատարան են ուղարկել 136 հայցադիմում՝ ավելի քան 527 միլիարդ դրամի, նաև 270 շարժական, 1381 անշարժ գույքի բռնագանձման պահանջով: Մի շարք գործեր ավարտվել են հաշտության համաձայնությամբ, այսինքն անձինք, որոնք չեն կարողացել ապացուցել իրենց տնօրինած գույքի ծագման օրինակությունը, ընդունել են իրենց գույքի ապօրինի ծագումը և վերադարձրել այն, կամ դրա մեծ մասը պետությանը։ Այս գործերով անցնողների մեծ մասը, սակայն, չէին շտապում հաշտության գնալ՝ հույսը դնելով նրա վրա, որ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական կճանաչի օրենքը։

Եվ ահա այսօր Սահմանադրական դատարանը տվեց իր պատասխանը ոտը կախ գցած մեր հարգարժան քաղաքացիներին։ Օրենքը համապատասխանում է Սահմանադրությանն ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ։ Ըստ այդմ՝ թալանի վերադարձը ժամանակի հարց է։

Հ․Գ․ Հեղափոխությունից ի վեր Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել շուրջ 210 մլրդ դրամի գույք և դրամական միջոցներ։ Շուրջ 1․7 միլիարդ դոլարի գույք այսօր գտնվում է կալանքի կամ արգելանքի տակ»։