Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ռուսական ցորենի հերթական խմբաքանակը, հաղորդում է ադրբեջանական Azertag գործակալությունը։ Նշվում է, որ այս պահի դրությամբ Ադրբեջանի տարածքով երկաթուղային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 21 հազար տոննա ցորեն։ Այդ ծավալի բեռ տեղափոխելու համար օգտագործվել է 302 վագոն։ Ավելին, հաղորդվում է, որ նույն երթուղով Հայաստան է տեղափոխվել նաև 610 տոննա պարարտանյութ։
Վերջին անգամ 8 վագոնից կազմված բեռնատար գնացքն Ադրբեջանի տարածքով Հայաստան էր տեղափոխել 560 տոննա ռուսական ցորեն։ Ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ էլ ռուսական ցորենը Հայաստան կհասնի, անցնելով ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Վրաստանի տարածքով, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա երկաթուղային ուղիղ հաղորդակցություն։



















