«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին իրավապահներն այսօր կրկին մեկուսարանից տեղափոխել են Քննչական կոմիտե՝ առերեսման, սակայն առերեսումը սկսվելուց առաջ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հեռացվել է վարույթից:
Լրագրողների հետ երեկվա զրույցում Երեմ Սարգսյանը հայտնել է, որ այդ որոշման հիմքում գործով տուժող Իրանի քաղաքացու ցուցմունքն է։ Նրա խոսքով՝ տուժողը նշել է, որ պաշտպանը ներկա է եղել Գագիկ Ծառուկյանի հետ իրենց ընդհանուր հանդիպումներին, ինչի հիման վրա քննությունն ենթադրել է, որ նա կարող է գործի համար կարևոր տեղեկություններ ունենալ և հարցաքննվել որպես վկա։ Այս հիմքով Երեմ Սարգսյանն արդեն հրավիրվել է հարցաքննության։
Հիշեցնենք, Գագիկ Ծառուկյանը երեկ շուրջ 10 ժամ առերեսվել էր իրանցու հետ, որի ցուցմունքի հիման վրա էլ հարուցվել է քրեական վարույթը և մեղադրանք առաջադրվել Գագիկ Ծառուկյանին։ Գործարարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու համար:
Ըստ Քննչական կոմիտեի՝ Ծառուկյանը կազմակերպել է ավելի քան 21 միլիոն դոլարի գույքի հափշտակությունը իրանցի գործարարներից:



















