Իրանում մահապատժի է ենթարկվել 23-ամյա Մարզիե Նիերին (Marzieh Nieri), որը մեղավոր էր ճանաչվել իր ամուսնու և նրա գործարար գործընկերոջ մահվան համար։
Այս մասին հայտնում է Euronews-ը՝ հղում անելով Iran Human Rights իրավապաշտպան կազմակերպությանը։ Նիերին մահապատժի է ենթարկվել Ղազվինի կենտրոնական բանտում։ Իրավապաշտպանների տվյալներով՝ նա 17 տարեկանում ընտանիքի ճնշմամբ ամուսնացել էր, իսկ դեպքը տեղի էր ունեցել 2021 թվականի հոկտեմբերին, երբ նա 18 տարեկան էր։
Դատավարության ընթացքում Նիերին հայտարարել էր, որ ամուսնու գործարար գործընկերը հարբած վիճակում փորձել է սեռական ոտնձգություն կատարել իր նկատմամբ, և ինքը խոհանոցային դանակով հարվածել է նրան՝ պաշտպանվելու համար։ Միջադեպի ընթացքում մահացել էր նաև նրա ամուսինը։ Դեպքից չորս օր անց Նիերին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն։
Դատարանը, սակայն, չի ընդունել ինքնապաշտպանության մասին նրա բացատրությունը և նրան դատապարտել է մահապատժի՝ «քիսասի»՝ հավասար հատուցման սկզբունքով։ Իրանում նման գործերով զոհերի ընտանիքները կարող են պահանջել մահապատիժ, ներել դատապարտյալին կամ համաձայնել ֆինանսական փոխհատուցման։ Այս դեպքում զոհերի ընտանիքները փոխհատուցման չեն համաձայնել և պահանջել են մահապատիժ։
Iran Human Rights-ի տվյալներով՝ Նիերիի մահապատժից հետո 2026 թվականի սկզբից Իրանում մահապատժի ենթարկված կանանց թիվը հասել է առնվազն 14-ի։ 2025 թվականին երկրում մահապատժի է ենթարկվել առնվազն 61 կին՝ վերջին 25 տարվա ամենաբարձր ցուցանիշը։



















