Սիցիլիայում Էտնա հրաբխի ժայթքման պատճառով փակվել է Կատանիայի օդանավակայանը՝ առնվազն մինչև օգոստոսի 14-ի գիշերվա ժամը 02:00-ն՝ տեղական ժամանակով։ Չի բացառվում, որ սահմանափակումները երկարաձգվեն։
Վերջին օրերին Էտնայի ակտիվության պատճառով Սիցիլիայի օդանավակայանների աշխատանքը լրջորեն խաթարվել է։ Փոփոխությունները վերաբերել են հարյուրավոր չվերթների․ դրանց մի մասը չեղարկվել կամ հետաձգվել է, իսկ որոշ ինքնաթիռներ Կատանիայից ուղղվել են Պալերմոյի և Կոմիզոյի օդանավակայաններ։
Ուղևորները հայտնում են գերբեռնված գնացքների և տաքսիների գների կտրուկ աճի մասին՝ այլընտրանքային օդանավակայաններ հասնելու փորձերի ժամանակ։ Ավիահաղորդակցության խափանումներ են գրանցվել նաև հարևան Մալթայում։
Օգոստոսի 7-ից Էտնան մեծ քանակությամբ մոխիր և շիկացած ապարների բեկորներ է արտանետում։ Իտալիայի Երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի՝ INGV-ի տվյալներով՝ լավայի հզոր հոսքեր են դուրս գալիս 2360 և 2750 մետր բարձրության վրա գտնվող երկու խառնարաններից, իսկ վերջերս ձևավորվել են ևս երկու լավային հոսքեր։
Էտնան Եվրոպայի ամենաակտիվ հրաբուխն է և տարեկան մի քանի անգամ կարող է ժայթքել։ Նախորդ ակտիվ շրջանը գրանցվել էր հուլիսի սկզբին, երբ Սիցիլիայում նույնպես չեղարկվել էին մի շարք չվերթներ։
Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն։



















