Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը. Agos

Քաղաքագետ, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի (RSC) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը մահացել է Ստամբուլում։ Այս մասին հայտնում է պոլսահայ «Ակոս» շաբաթաթերթը (Agos)։

Ըստ «Ակոսի»՝ Կիրակոսյանը նախորդ շաբաթ հանդիպման մասնակցելու նպատակով մեկնել էր Ստամբուլ, որտեղ նրա ինքնազգացողությունը վատացել էր, և նա տեղափոխվել էր հիվանդանոց։ Պարզվել էր, որ նա ուղեղի արյունազեղում է ունեցել։ Կիրակոսյանը բուժում էր ստանում Օքմեյդանիի պրոֆ. դոկտոր Ջեմիլ Թաշչըօղլուի անվան հիվանդանոցում և երկար ժամանակ գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում։ Նա մահացել է սեպտեմբերի 19-ի երեկոյան։

«Ակոսը» նշում է, որ Կիրակոսյանը պարբերաբար հոդվածներով համագործակցել է նաև թերթի հետ և տարածաշրջանային հարցերով հաճախ հրավիրվող վերլուծաբան էր։ Նրա մահը ցավով են ընդունել նաև Թուրքիայում նրա գործընկերներն ու ընկերները։

Կիրակոսյանը ծնվել էր 1965 թվականի հունվարի 8-ին ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի Փրովիդենս քաղաքում։ Նա խորհրդատվական աշխատանք է կատարել Ասիական զարգացման բանկում, Հայաստանում ԵՄ պատվիրակությունում, Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունում, ԵԱՀԿ-ում և ԱՄՆ Պետդեպարտամենտում։

Նրա վերլուծությունները հրապարակվել են նաև European Council on Foreign Relations-ում, Le Monde-ում, Moscow Times-ում և Turkish Policy Quarterly-ում։ 2006 թվականին տեղափոխվել էր Հայաստան և վերջին տարիներին ղեկավարում էր Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը։

Կիրակոսյանի հուղարկավորությունը տեղի կունենա Հայաստանում։