Հայ գերիները չե՞ն ցանկանում վերադառնալ. ՀՀ ՊՆ-ն շուտով կպատասխանի Սաբիրօղլուին

Հայ գերիները չե՞ն ցանկանում վերադառնալ. ՀՀ ՊՆ-ն շուտով կպատասխանի Սաբիրօղլուին
Հայ գերիները չե՞ն ցանկանում վերադառնալ. ՀՀ ՊՆ-ն շուտով կպատասխանի Սաբիրօղլուին

Ադրբեջանի Պաշտպանության Նախարարության մամլո խոսնակ  Էլդար Սաբիրօղլուն հայտարարել է, թե Ադրբեջանը պատրաստ է վերադարձնել հայ գերիներին, « սակայն հայ գերիները չեն ցանկանում վերադառնալ »:

Այդ մասին հաղորդում են ադրբեջանական Զ ԼՄ-ները:

«Հայկական կողմը ոչ մի անգամ չի բարձրացրել այդ հարցը։ Իսկ ադրբեջանական կողմը՝ ընդհակառակը, բազմիցս բարձրացրել է գերված զինվորների վերադարձի հարցը։ Ադրբեջանական կողմը միշտ պատրաստ է վերադարձնել հայ ռազմագերիներին։ Սակայն հայ գերիները չեն ցանկանում վերադառնալ »,- հայտարարել է Սաբիրօղլուն:

Ադրբեջանի ՊՆ մամլո խոսնակն ասել է, թե «պաշտոնական Երեւանը մինչեւ հիմա անհանգստություն չի արտահայտել հայ գերիների կապակցությամբ, որոնք գտնվում են ադրբեջանական կողմում»։

Ըստ ադրբեջանական կողմի` ներկա դրությամբ հայկական կողմում են գտնվում 2 ադրբեջանցի գերիներ` 1 պատանդ եւ 2 դիակ, իսկ ադրբեջանական կողմում՝ 6 հայ ռազմագերի եւ 5 քաղաքացիական անձ:

Հայաստանի Պաշտպանության նախարարությունը առայժմ զերծ է մնում մեկնաբանություններից: Ինչպես “Մեդիալաբին” փոխանցեցին ՊՆ լրատվականից, շուտով ՀՀ ՊՆ-ն հանդես կգա պատասխան հայտարարությամբ, որտեղ կմեկնաբանի Ադրբեջանի ՊՆ մամլո խոսնակի հայտարարությունը:

Մինչ այդ, նմանատիպ հարցով Հայաստանի նախագահին էր դիմել Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդը: Խոսքը, մասնավորապես, հուլիսի 19-ին ԼՂՀ Մարտակերտի Չայլու գյուղի դիրքերի վրա հարձակված դիվերսիոն խմբի անդամ Մ.Իբրահիմովի դին վերադարձնելու մասին է: Գարեգին Երկրորդին այդ հարցով  միջնորդել էր Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, որին խնդրանքով դիմել էր Կովկասի մահմեդականների հոգեւոր առաջնորդ Շեյխ ուլ իսլամ Փաշա Զադեն:

Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանը «Մեդիալաբին» տեղեկացրել է, որ Սերժ Սարգսյանը արձագանքելու Կաթողիկոսի դիմումին:

«Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հայտարարության մեջ ամեն ինչ նշված է»,- ասաց Արզումանյանը:

Նշենք, որ այդ հայտարարության մեջ մասնավորապես, գրված է, որ հայկական կողմը պատրաստակամ է քննության առնել նման դիմումներ, եթե Ադրբեջանը եւս պատրաստակամություն ցուցաբերի` վերոհիշյալ խնդիրը դիտարկելու արդյունավետ փոխգործակցության վերականգման միջոցով` հավատարիմ միջազգային հումանիտար իրավունքի պահանջներին:

© Medialab.am