Հորդանանի և Հայաստանի զարգացման հիմնական շարժիչ ուժը մարդկային կապիտալն է. Աբդալլահ Երկրորդ

Հորդանանը, ինչպես Հայաստանը, իր մարդկային կապիտալը դարձրել է դեպի զարգացում տանող հիմնական շարժիչ ուժը. երկու երկրները երկկողմ համագործակցությունից քաղելու շատ բան ունեն:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ նախագահի նստավայրում նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին Արքայական Մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմին:

«Երևանը՝ ամենահին քաղաքներից մեկը, ինձ հիշեցնում է իմ սիրելի Հորդանանը: Մեր երկրները և ժողովուրդները իրենց ուրույն տեղն ունեն ժամանակակից աշխարհում՝ մնալով հավատարիմ իրենց ինքնությանը, մշակույթին և հավատքին: Հորդանանը, ինչպես Հայաստանը, իր մարդկային կապիտալը դարձրել է դեպի զարգացում տանող հիմնական շարժիչ ուժը: Մեր երկրները համագործակցությունից քաղելու շատ բան ունեն, որպեսզի կապիտալիզացնեն այս շատ խոստումնալից ներուժը»,- նշեց նա:

Հորդանանի թագավորն ընդգծեց, որ հազարավոր հորդանանցիներ արմատներով Հայաստանից են: «Նրանք մեր երկրներին պատիվ են բերում և կենսական դերակատարություն ունեն արվեստում, կրթության, հանրային ծառայության, բիզնես և շատ այլ ոլորտներում: Նրանք այն հենքն են ձևավորում, որի վրա մեր բարեկամությունը շարունակում է զարգանալ»,- հավելեց Աբդալլահ Երկրորդ թագավորը: