«Եգիպտոսի ազատատենչ ժողովուրդ: Մեր հիացմունքն ու համերաշխությունն ենք հայտնում ձեզ».ակցիա ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանատան մոտ

«Եգիպտոսի ազատատենչ ժողովուրդ: Մեր հիացմունքն ու համերաշխությունն ենք հայտնում ձեզ».ակցիա ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանատան մոտ
«Եգիպտոսի ազատատենչ ժողովուրդ: Մեր հիացմունքն ու համերաշխությունն ենք հայտնում ձեզ».ակցիա ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանատան մոտ

Այսօր Հայաստանում Եգիպտոսի դեսպանատան մոտ տեղի է ունեցել ակցիա` ի պաշտպանություն իրենց ազատությունների համար պայքարի ելած եգիպտացիների:
Հունվարի 25-ին Եգիպտոսում սկիզբ առած հակակառավարական ցույցերին, որոնց արդյունքում,  ըստ պաշտոնական տվյալների, զոհ են դարձել 300 եւ վիրավորվել ավելի քան չորս հազար մարդ, ցուցարարները պահանջում են նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականը:
Երեւանում Եգիպտոսի դեսպանատան մոտ հավաքված երիտասարդները մի առ ժամանակ պարզել են արաբերեն եւ անգլերեն գրություններով պաստառներ ապա նաեւ նամակ հանձնել դեսպանատան անվտանգության աշխատակիցներին:

Նամակում մասնավորապես գրված է. «Եգիպտոսի ազատատենչ ժողովուրդ: Մենք`Հայաստանի քաղաքացիներս, մեր հիացմունքն ու համերաշխությունն ենք հայտնում ձեզ` հանուն ժողովրդավարության եւ մարդու իրավունքների եւ ընդդեմ բռնատիրության եւ ապօրինության ձեր սկսած պայքարին:  Միաժամանակ խորապես ցավում ենք, որ  ձեր պայքարն ուղեկցվեց բազմաթիվ զոհերով ու արյունահեղությամբ: Համոզված ենք, որ հանուն արդարության մղվող ցանկացած պայքար ունենում է իր հաղթական ավարտը, իսկ ժողովրդի կամքի դեմ ելած բռնակալները պետք է պաստախանատվության ենթարկվեն իրենց հանցանքների համար»:

Նամակի հեղինակները նաեւ գրել են, որ իրենց հիացմունքն են արտահայտում հատկապես Եգիպտոսի երիտասարդ քաղաքացիների ակտիվության կապակցությամբ, «որոնք մտահոգված են իրենց հայրենիքի ապագայով, երկրի ժողովրդավարության գործընթացների շարժիչ ուժը դարձան»:

«Ձեր հայրենիքի ապագան ձեր ձեռքերում է, եւ մենք համոզված ենք, որ դուք կկերտեք օրինական պետություն: Հեղափոխություն, հեղափոխություն մինչեւ հաղթանակ»,- գրված է նամակում:

© Medialab.am