Սպասումներ. Նալբանդյանն հանդիպել է համանախագահներին

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր` հունիսի 9-ին ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, զրույցի ընթացքում համանախագահները նախարարին են ներկայացրել Բաքվում եւ Ստեփանակերտում իրենց ունեցած հանդիպումների արդյունքները՝ հույս հայտնելով, որ Կազանում կայանալիք առաջիկա գագաթաժողովին առաջընթաց կարձանագրվի՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման հարցում:

Էդվարդ Նալբանդյանն էլ, իր հերթին ասել է, թե Հայաստանը հստակ պատասխան է տվել եռանախագահների կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների վերջին տարբերակին, և եթե Ադրբեջանը պատրաստ լինի տալ իր միանշանակ համաձայնությունը, ապա հնարավոր կլինի կարգավորման գործընթացում արձանագրել ակնկալվող առաջընթացը:

Հիշեցնենք, սակայն, որ ի տարբերություն Հայաստանի, Ղարաբաղյան կողմը այլ տեսակներն է հայտնել: Մասնավորապես, երեկ` հունիսի ութին համանախագահների հետ ունեցած հանդիպման ժամանակ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, թե «առանց բանակցությունների բոլոր փուլերին ԼՂՀ-ի մասնակցության անհնարին է ակնկալել որեւէ բեկում հակամարտության կարգավորման գործընթացում»:

Այսօր էլ, հիշեցնենք, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը «Մեդիալաբի» հետ զրույցում ասել է, թե Կազանից ակնկալիքները շատ չնչին են:

«Կազանում չի կարող որեւէ բեկում լինել, կամ վերջնական որեւէ փաստաթուղթ ստորագրել, դա ընդհանուր, ընդհանրակական ինչ-որ պայմանավորվածություն կարող է լինել: Ինչի հավանականությունն էլ, ըստ իս` շատ քիչ է»,- «Մեդիալաբին» ասել է Բաբայանը:

© Medialab.am