Մշակույթի նախարարությունը «ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները» հայտնի ջութակահարի` մրցույթի մասնակցության համար

«Մամուլում և Facebook սոցիալական ցանցում օրերս հնչեցված Հայաստանի քաղաքացի, ջութակահար Հրաչյա Ավանեսյանի ՌԴ Մոսկվա քաղաքում անցկացվող Պ. Ի. Չայկովսկու անվան միջազգային մրցույթին մասնակցելու խնդրի առնչությամբ հայտնում ենք, որ տաղանդաշատ երիտասարդ ջութակահար Հրաչյա Ավանեսյանը այս տարիների ընթացքում իր զինվորական պարտադիր ծառայության հետ կապված խնդրի վերաբերյալ երբևէ չի դիմել ՀՀ մշակույթի նախարարությանը»,-նշված է քիչ առաջ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Հայտնի ջութակահար Հրաչյա Ավանեսյանը նամակ էր հղել հայաստանյան լրատվամիջոցներին` խնդրելով միջնորդել Հայաստանի համապատասխան մարմիններին, որպեսզի իրենից գոնե ժամանակավորապես հանվի իր համար անսպասելի հայտարարված հետախուզումն, ու ինքը կարողանա մուտք գործել ՌԴ` մասնակցելու Չայկովսկու անվան հեղինակավոր մրցույթին:

Նա նշել է նաեւ, որ մրցույթի նախընտրական փուլին ադրբեջանցի երեք դիմորդներից և ոչ մեկի տեսագրությունը չի արժանացել հանձնաժողովի հավանությանը: Համանման արդյունքի են արժանացել նաև «մոտ 80 միլիոնանոց Թուրքիայից ուղարկված տեսանյութերը», և ինքը միակ հայ ջութակահարն է, որը ստացել է մրցույթին մասնակցելու իրավունք, սակայն ինքը բախվել է նման խնդրի:

«Սա իմ վերջին անհույս փորձն է` ինչ-որ լուծում գտնելու, ըստ իս՝ մի շատ կարևոր խնդրի»,- իր նամակում գրել է Ավանեսյանը:

Չնայած «Մեդիալաբի» հարցին ի պատասխան փաստաբան Երվանդ Վարոսյանը, նշել , որ «հետախուզում հայտարարելու մասին որոշումը ժամանակավորապես չի կարող կասեցվել», այնուամենայնիվ ՀՀ մշակույթի նախարարությունն հայտարարել է, թե քայլեր է անում այդ ուղղությամբ:

«Այդուհանդերձ, ներկայում բարձրաձայնված հարցի առնչությամբ ՀՀ մշակույթի նախարարությունը համապատասխան պետական կառավարման մարմինների հետ միասին ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցներն ապահովելու Հ. Ավանեսյանի մասնակցությունը Չայկովսկու անվան մրցույթին:

25 ամյա երաժիշտը ծնվել է Գյումրիում, ավարտել Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը և 16 տարեկան հասակում ծնողների հետ մշտական բնակության է մեկնել Բելգիա, ուր ուսանել է Բրյուսելի Թագավորական կոնսերվատորիայում՝ Իգոր Օյստրախի դասարանում:

© Medialab.am