Կենտրոն թաղապետարանի աշխատակիցը կորոնավիրուսի ախտանիշ չունի, սակայն մեկուսացվել է. Hraparak.am-ը սխալ է. fip.am

Hraparak.am-ը մարտի 13-ին հայտնել է, որ Երևանի Կենտրոն թաղապետարանի աշխատակիցներից մեկին կորոնավիրուսի ախտանիշով տեղափոխել են հիվանդանոց: 

Կայքը, մասնավորապես, գրել է. «Մենք տեղեկություն ենք ստացել, որ Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի աշխատակիցը կորոնավիրուսի ախտանիշներով տեղափոխվել է հիվանդանոց: Սակայն այս մասին լռում են թե՛ Երևանի քաղաքապետարանում, թե՛ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում, ինչն առաջացրել է աշխատակիցների զայրույթը, քանի որ վերջիններիս կողմից որևէ միջոց չի կիրառվում»:

«Փաստերի ստուգման հարթակը» կապ հաստատեց Կենտրոնի թաղապետ Ավետ Պողոսյանի հետ՝ հասկանալու, թե արդյո՞ք այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։

Մեզ հետ զրույցում նա հերքեց, որ կորոնավիրուսի ախտանիշով աշխատակից է տեղափոխվել հիվանդանոց: «Այդ բաժնի աշխատակից ունենք, որն առանց սիմպտոմի երեկ մեկուսացվել է Ծաղկաձորի Գոլդեն Փելես հյուրանոց, իրեն զգում է շատ լավ: Ուղղակի նա շփվել էր հիվանդներից մեկի հետ, սակայն որևէ գանգատ կամ ինքնազգացողության խնդիր չի ունեցել»,- ասաց Պողոսյանը:

Այսպիսով, Hraparak.am-ը կեղծ ինֆորմացիա է տարածում՝ հայտնելով, որ Կենտրոնի թաղապետարանի աշխատակիցներից մեկին կորոնավիրուսի ախտանիշով տեղափոխել են հիվանդանոց:

fip.am

Լուսինե Ոսկանյան