Ընդդիմությունն առկախեց իր մասնակցությունը բանակցություններում. նրանք սպասում են երիտասարդ ակտիվիստի ազատ արձակմանը

Երկխոսության համար ձեւավորված ընդդիմության պատվիրակության ղեկավար Լեւոն Զուրաբյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ ընդդիմությունն առկախում է իր մասնակցությունը ընդդիմություն-իշխանություններ երկխոսության համար ձեւավորված պատվիրակությունների հանդիպումներին:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ժամը 10-ին նախատեսված հերթական հանդիպումը չի կայացել, քանի որ ընդդիմության պատվիրակության անդամները չեն ներկայացել հանդիպմանը եւ խոստացել են ավելի ուշ պարզաբանումներ տալ:

«Օգոստոսի 16-ին տեղի ունեցավ Կոնգրես-իշխանություն երկխոսության 5-րդ ռաունդը, որը մեր պատվիրակության պնդմամբ նվիրված էր օգոստոսի 9-ին մեր երիտասարդ ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպի արդյունքում ձերբակալված անձանց ազատ արձակման հարցի քննարկմանը: Այդ օրը 1-ին անգամ որոշվեց` հարգելով իշխանության պատվիրակության խնդրանքը` առայժմ չհրապարակել հանդիպման մանրամասները, պատճառաբանելով, որ դա կհեշտացնի խնդրի լուծումը»,- այսօր հայտարարեց Զուրաբյանը` հավելելով, թե «այսօր` քանի որ հակառակ ընդդիմության սպասումների, այդ խնդիրը այդպես էլ լուծում չստացավ, ուստի ժամանակն է հրապարակել վերջին երկու ռաունդներում տեղի ունեցածը»:

Զուրաբյանի խոսքով, իշխանական պատվիրակության հետ հանդիպման 5-րդ ռաունդի հենց սկզբում իրենք ասել են, որ երկխոսության բնականոն ընթացքի համար անհրաժեշտ է լուծել ձերբակալված երիտասարդների խափանման միջոցը փոխելու խնդիրը:

Նրա խոսքով, ընդդիմությունը համադրելով բոլոր փաստերը` իրեն իրավունք է վերապահել ձերբակալվածներին դիտարկել քաղբանտարկյալներ, եւ որ «հնարավոր չէ բանակցել քաղբանտարկյալների առկայության պայմաններում եւ առաջարկել են որպես առաջնահերթություն լուծել բոլորի խափանման միջոցը փոխելու հարցը» եւ ինչից հետո էլ առաջարկել են ստորագրել միացյալ փաստաթուղթ:

Փաստաթղթում, որն հրապարակվել է այսօրվա ասուլիսի ժամանակ, նշվում է, որ գիտակցելով, որ իշխանություն-ընդդիմություն երկխոսության գործըթնացի համար բարենպաստ մթնոլորտ ապահովելու եւ փոխադարձ վստահության բարձրացման համար, «ընդունում են իշխող կոալիցիայի տված երաշխիքները, որ իշխանությունները ամեն ինչ կանեն, որ իրավապահ մարմինները օրենքի պահանջներին համապատասխան լրջագույնս քննեն ինչպես ոստիկանության պնդումները` երիտասարդ ակտիվիստների հակաօրինական գործողությունների մասին, այնպես էլ` ընդդիմության ակտիվիստների պնդումները` իրենց եւ իրենց փաստաբանների նկատմամբ ոստիկանության կողմից բռնության կիրառման եւ իրավունքների ոստնահարման մասին, ինչպես նաեւ իրենցից կախված բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկեն, որ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի եւ Սարգիս Գեւորգյանի նկատմամբ, որպես խափանման միջոց կիրառվի անձնական երաշխավորությունը»:

Փաստաթղթում նշվում էր նաեւ, որ կողմերն ընդունում են Կոնգրեսի տված երաշխիքները, որ կապահովվի վերոնշյալ անձանց պատշաճ վարքագիծը, քերական վարույթն իրականացնող մարմնի կանչով նրանց ներկայանալը եւ այլ դատավաևական պարտականություններ կատարելը:

«Իշխանության պատվիրակության անդամները ժամանակ խնդրեցին` հարցը պարզելու համար, այնուհետեւ փոխվեցին Արտակ Կարապետյանի եւ Սարգիս Գեւորգյանի խափանման միջոցը, իսկ 6-րդ ռաունդում թեեւ պաշտոնապես մերժել են Կոնգրեսի ներկայացրած փաստաթղթի ստորագրումը, բայց հավաստումներ տվեցին, որ ոչ խտրական մոտեցումը կտարածվի բոլորի վրա»,- հայտարարեց Զուրաբյանը:

Նրա խոսքով, այդ բանակցության ընթացքում իրենք համարել են, որ իշխանությունները հեռացնում են բանակցությունների վերջին խոչընդոտը, ուստի եւ շարունակել են հարցի բովանդակային քննարկումը, որի ընթացքում, հիշեցնենք, իշխանությունները ներկայացրել են իրենց պատասխան հիմնավորումների մասը` արտահերթ ընտրությունների վերաբերյալ:

Զուրաբյանի խոսքով, հենց այդ պատճառով է, որ հանդիպումից հետո, ինքը հույս է հայտնել, որ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը կփոխվի, ինչը, սակայն, ի հակառակ սպասումների, չի կատարվել:

Կատարվածի արդյունքում Կոնգրեսը այսօր հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նշում է, թե «քաղբանտարկյալների առկայությունը անհնար է դարձնում երկխոսության շարունակականությունը»:

«Հայտարարում ենք, որ Կոնգրեսի պատվիրակությունը առկախում է իր մասնակցությունը երկխոսության շրջանակներում ընթացող բանակցություններում, Կոնգրեսի պատվիրակությունը նաեւ հայտարարում է, որ պատրաստ է վերսկսել բանակցությունները Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելուց անմիջապես հետո»,- հայտարարեց Լեւոն Զուրաբյանը:

© Medialab.am