ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին մեկ օրում ստացվել է շուրջ 200 հեռախոսազանգ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Միայն այսօր ժամը 16։30-ի դրությամբ մեր աշխատակազմի թեժ գծին ստացել ենք շուրջ 200 միայն հեռախոսազանգ: Էլ չեմ ասում գրավոր նամակներն ու խորհրդատվությունները։

Թեժ գծի 116 և ‪096-116-100‬ հեռախոսահամարները կարող են միաժամանակ սպասարկել 3 զանգ: Զանգահարելով նույն պահին չորրորդ անձը չի կարողանում կապվել մեր աշխատակցի հետ միանգամից:

Այդ դեպքում խնդրում ենք ձեր խնդիրը գրել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական ֆեյսբուքյան էջին: Կա նաև WhatsApp և Viber համակարգերի հնարավորություն։

Այս օրերին մեզ ուղղվող դիմումների, բողոքների ու հարցումների թիվը էականորեն գերազանցում է սովորական պայմաններում դրանց քանակը:

Աշխատանքն ավելի բարդ է, շուրջօրյա է, ուղեկցվում է դժվարություններով, քանի որ ոչ բոլոր աշխատողներն են ֆիզիկապես ներկա: Զանգերը սովորականից ավելի շատ են և պահանջում են արագ արձագանք:

Խնդրում եմ ըմբռումով մոտենալ»։