Աջափնյակի թաղապետի խնդրահարույց պարզաբանումը և Fip.am-ի հետաքննության հետևանքները․ fip.am

«Փաստերի ստուգման հարթակն» ապրիլի 26-ին «Կաշառակերներ, ցուցարարներ ու ՀՀԿ-ականներ՝ Աջափնյակի թաղապետարանում» վերնագրով հետաքննություն էր հրապարակել՝ անդրադառնալով Աջափնյակի թաղապետ Թելման Թադևոսյանի կողմից տարբեր հաստիքներում իրականացված բավականին խնդրահարույց նշանակումներին։ 

Մենք պարզել էինք, որ շուրջ երկու ամիս թաղապետի պաշտոնը զբաղեցնող Թադևոսյանը աշխատանքի է ընդունել ՀՀԿ-ականների, կոռուպցիայի համար դատապարտված, խաղաղ ցուցարարների ծեծուջարդին մասնակցած և իր հետ բիզնես կապեր ունեցող այլ անձանց։ 

Ապրիլի 28-ին Թելման Թադևոսյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձավ հետաքննությանը՝ ներկայացնելով իր պարզաբանումներն ու մոտեցնումները, որոնք պետք է լույս սփռեին իրականության վրա։

«Պարզաբանման»՝ իրականությանը չհամապատասխանող կետերը

Սակայն այս պարզաբանման մեջ կան իրականությանը հակասող կետեր։ Խոսելով իր երկու տեղակալների՝ Գևորգ Բադեյանի ու Կարեն Մկրտչյանի մասին, թաղապետը նշում է, որ նրանց ընտրության հարցում առաջնորդվել է «այն կարևոր հանգամանքով, որ վերջիններս երբևէ ներգրավված չեն եղել թալանի և կոռուպցիոն սխեմաների մեջ»: Սակայն ինչպես արեն նշել էինք հետաքննության մեջ, Գևորգ Բադեյանը ներգրավված է Երևանի մետրոպոլիտենի տարածքների վարձակալության սխեմայի մեջ: Բադեյանը, ըստ կառավարության էլեկտրոնային ռեգիստրի տվյալների, 2005 թվականից հանդիսանում է «Դիադին» ՍՊԸ-ի տնօրենը: Իսկ այդ ՍՊԸ-ն մետրոպոլիտենի «Հանրապետության Հրապարակ» կայարանի ստորգետնյա անցումում ընդամենը 262 հազար դրամով վարձակալում է 130 մ² տարածք, որը (հավանաբար՝ շատ ավելի թանկ գնով) վերավարձակալությամբ տալիս է այլ տնտեսվարողների: «Դիադին» ՍՊԸ-ին տրամադրված գինն իրապես արտոնյալ է և մոտ 40 տոկոսով էժան է 2011 թվականին մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի կողմից սահմանված սակագնից: Արդյունքում՝ Երևան համայնքին պատկանող մետրոպոլիտենը զրկվել է միլիոնավոր դրամների եկամուտից:

Թադևոսյանը պնդում է, որ համատեղ գործունեություն, որպես այդպիսին, չի իրականացրել Գևորգ Բադեյանի հետ, սակայն ըստ Բադեյանի կենսագրության՝ նա 2004-2020 թթ. եղել է Վարդենիսի «Բնակարանային կոմունալ տնտեսություն» ԲԲԸ-ի տնօրենը։ Իսկ թաղապետի կենսագրությունում նկատում ենք, որ Թադևոսյանը 2007-2009 թթ. աշխատել է նույն «Վարդենիսի ԲԿՏ» ԲԲԸ–ում` որպես ինժեներ: Այսինքն՝ Թադևոսյանն աշխատել է Բադեյանի հետ։  

Ինչ վերաբերում է մյուս տեղակալ Կարեն Մկրտչյանին, ապա Թադևոսյանը նշում է, որ 

«2017 թ․ նա ոչ թե աջակցել է ՀՀԿ-ին կամ աշխատել Հանրապետական կուսակցության համար, ինչպես նշվում է վերոնշյալ հոդվածում, այլ առաջադրվել էր ՏԻՄ ընտրություններին՝ որպես քաղաքապետի թեկնածու՝ մրցակցելով Վարդենիսի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ի Վարդենիսի շրջանային կազմակերպության խորհրդի նախագահի դեմ»։ Սակայնը թաղապետը «մոռանում է» նշել, որ Կարեն Մկրտչյանը ևս հանդիսանում էր ՀՀԿ-անդամ, թեև ինքնաառաջադրվել էր։  

Հետաքննության արդյունքները

Երևանի ավագանու ապրիլի 28-ի նիստին ևս անդրադարձ եղավ «Փաստերի ստուգման հարթակի» հետաքննությանը։ Թելման Թադևոսյանը, ի պատասխան հնչող հարցերին, տեղեկացրեց, որ աշխատակից Արամայիս Ավետիսյանը, որը նախկինում մեղավոր էր ճանաչվել խարդախության համար, 2016 թ. հուլիսի 29-ին՝ «Սասնա ծռերի» դեպքերի ժամանակ, մասնակցել է Սարի թաղում ցուցարարների վրա հարձակումներին, հրապարակումից հետո որոշել է ազատվել աշխատանքից՝ ներկայիս իշխանությանը շահարկումներից զերծ պահելու համար։ 

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ևս անդրադարձավ հարցին՝ նշելով, որ  չպետք է խառնել քաղաքականությունը և պրոֆեսիոնալիզմը։  

«Եթե ինքը այս պահին չի զբաղվում կոռուպցիայով, եթե այս պահին ամբողջ ուժերով լծված է աշխատանքին, նորից եմ ասում՝ օգուտ է տալիս մեր համայնքին, ինքը պետք է աշխատի և օգուտ տա մեր համայնքին մինչև այն պահը, որ այլևս չի կարող օգուտ տալ կամ ինչ-ինչ պատճառներով կշեղվի ճիշտ ուղղուց»,- հայտարարեց քաղաքապետը։

fip.am