«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը բաց նամակ է ուղղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին և Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, որում ահազանգ է հնչեցնում արդեն 48 օր հացադուլի մեջ գտնվող զինվորի առողջության վերաբերյալ: Ներկայացնում ենք նամակը ստորև.
Ժամկետային զինծառայող Սուրեն Կիրակոսյանն արդեն 48 օր է, ինչ հացադուլի մեջ է: Նա գանգատվում է տարբեր հիվանդություններից և պահանջում է համապատասխան բժշկական օգնություն: ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում նրան այցելել են «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Րաֆֆի Հովհաննիսյանը և Զարուհի Փոստանջյանը, ովքեր ականատես են եղել երիտասարդի առողջական վատթար վիճակին:
Սուրեն Կիրակոսյանի հացադուլի շարունակությունը կարող է ոչ միայն անդառնալի հետևանքներ թողնել նրա առողջության վրա, այլև լուրջ սպառնալիք լինել կյանքի համար: Նա բժշկական և հոգեբանական օգնության կարիք ունի, որը հնարավոր է իրականացնել բժշկական հաստատության պայմաններում և ծնողների միջամտությամբ:
Պահանջում ենք անհապաղ մասնագիտական օգնություն տրամադրել Սուրեն Կիրակոսյանին, որպեսզի երիտասարդը դուրս գա հացադուլից:
Մեր սխալ որոշումներով նորից զոհ չտանք: Եղած զոհերն արդեն իսկ աններելի են:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անունից
Զարուհի Փոստանջյան
21 մայիսի 2012թ.
Երևան