«Ցանկանում եմ Կարեն Վարդանյանը հանկարծ չվարակվի կորոնավիրուսով, քանի որ չի բացառվում հիվանդության խիստ բացասական ելքը». Արսեն Թորոսյան

Հեղինակ MediaLab

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Քիչ առաջ աչքովս ընկավ մի այսպիսի վերնագրով հարցազրույց`«Կորոնավիրուսը համաշխարհային մեծ բլեֆ է․ Եկել է վակցինա ծախելու ժամանակը»:

Հարցազրույցը ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հետ էր, ով էլ նման և այլ նմանատիպ անհեթեթ պնդումների հեղինակն էր:

Ցավում եմ, որ գիտության և գիտական ապացույցների վրա հիմնված մի ամբողջ ոլորտ կարող է ներկայացված լինել նման մտքեր արտահայտող անձի կողմից ու շատ եմ ցանկանում, որ պարոն Կարեն Վարդանյանը հանկարծ չվարակվի կորոնավիրուսային հիվանդությամբ, քանի որ հաշվի առնելով վերջինիս քրոնիկական հիվանդությունները, չի բացառվում հիվանդության խիստ բացասական ելքը:

Իմ կողմից հարգված լրատվամիջոցին էլ խորհուրդ եմ տալիս, թեմատիկ հարցազրույցների հրավիրել մասնագետների և ոչ թե ցանկացած թեմայի վերաբերյալ «խորը և աշխարհացունց» մտքեր ունեցող անձերի: Դիտումների խնդիր կոնկրետ դուք, կարծես թե չունեք:

Հանրությանը ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելը և դրա համար պատասխանատու լինելը միայն կառավարության պարտականությունը չէ:

Հ.Գ. իսկ միգուցե՞ ես էլ հարցազրույց տամ պիեզոէլեկտրիկների ֆիզիկայի վերաբերյալ»: