ՊԳԿ-ն աջակցում է Հայաստանի թվային գյուղատնտեսության ռազմավարության մշակմանը

Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) համատեղ նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի թվային գյուղատնտեսության ազգային ռազմավարության մշակման թեմայով առցանց խորհրդակցություն։  

Հանդիպման նպատակն էր ներկայացնել թվային գյուղատնտեսության շրջանակը, իրավիճակային վերլուծության հիմնական բացահայտումները, ինչպես նաև քննարկել և հաստատել թվային գյուղատնտեսության ռազմավարության առաջնահերթությունները։

Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ստեփան Ծատուրյանը, ՊԳԿ հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն, ՊԳԿ-ի տեղական և միջազգային փորձագետները, ինչպես նաև աշխատանքային խմբի անդամները, այլ շահագրգրգրռ կողմերի ներկայացուցիչներ, այդպիսով՝ շուրջ 30 մասնակից։ 

Թվային փոխակերպման գործընթացում հաջողության հասնելու համար բազմաթիվ կողմերի գործուն ներգրավվածություն և համագործակցություն է պահանջվում։

Թեև թվային փոխակերպումը խոշոր միջազգային ընկերությունների կողմից գլխավորապես կիրառվում է գործարար համատեքստում, սակայն այն անդրադառնում է նաև այլ կազմակերպությունների՝ կառավարությունների, պետական հատվածի գործակալությունների ու մարմինների աշխատանքի վրա, որոնք ներգրավված են հանրային նշանակություն ունեցող այնպիսի խնդիրների լուծման գործընթացում, ինչպիսիք են գյուղական շրջաններում կենսապայմանների ապահովումը, երիտասարդության շրջանում գործազրկությունը և գյուղատնտեսական արտադրության կազմակերպումը՝ փորձելով հնարավորինս արդյունավետ գործադրել նորահայտ թվային տեխնոլոգիաները։  

Տնտեսությունների վարման համատեքստում թվային գյուղատնտեսությունը բնապահպանության, տնտեսության և սոցիալական առումով կայուն գյուղատնտեսական գործունեության ապահովման, ինչպես նաև Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի գերխնդիրների լուծման մեծ ներուժ է պարունակում։

ՊԳԿ-ն հանձնառու է աջակցելու իր անդամ պետություններին՝ թվային տեխնոլոգիաների որդեգրման և նորարարության միջոցով գյուղատնտեսության ոլորտների փոխակերպման հարցերում։ Վերջինս օժանդակում է նաև ռազմավարությունների կյանքի կոչմանը, տրամադրում խորհրդատվություն և ուղենիշեր, ինչպես նաև աջակցում ազգային մակարդակում գյուղատնտեսության ոլորտի թվային փոխակերպման գործընթացին։ Ներկայում ՊԳԿ-ն օգնում է Հայաստանին գյուղատնտեսության ոլորտի թվային փոխակերպում իրականացնել և մշակել թվային գյուղատնտեսության ազգային ռազմավարություն։

«Թվային գյուղատնտեսության ազգային ռազմավարության միջոցով Հայաստանը կարող է նպաստել պարենի արտադրության աշխուժացմանը, ստեղծել խթաններ և դյուրացնել գյուղատնտեսական արտադրության ոլորտում թվային տեխնոլոգիաների մշակման գործընթացը։ Դրանք կարող են օգտագործվել նոր շուկաների ակտիվացման, սոցիալական պաշտպանության հզորացման, առևտրի ապակենտրոնացման նպատակներով, և, ի վերջո, շարժիչ ուժ դառնալ թվային գյուղատնտեսության նորարարությունների համար», – ասում է ՊԳԿ հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն։ «Թվային գյուղատնտեսության ռազմավարությունը նոր քաղաքականությունների ճանապարհ կհարթի, որոնք կկամրջեն  գյուղական բնակավայրում առկա թվային բացը, գյուղական շրջանների թե՛ կին և թե՛ տղամարդ, թե՛ երիտասարդ և թե՛ տարեց բնակչության համար ապահովելով թվային գործիքների հավասար հասանելիություն՝ այդպիսով արագացնելով նորարարությունների շարժընթացը, ինչպես նաև ավելացնելով եկամուտները և զբաղվածության հնարավորությունները», – հավելում է պրն. Յելեն։ 

COVID-19 համավարակով պայմանավորված ներկա ճգնաժամն ի ցույց դրեց այն իրողությունը, որ նրանք, ովքեր շարունակեցին կապակցված մնալ, կարողացան իրենց աշխատանքն առաջ տանել, մինչդեռ ոմանք, գյուղական վայրերում թվային բացի խնդրի պատճառով, իրենց գործունեությունը նույն ծավալով շարունակելու դժվարությանը բախվեցին։ 

Խորհրդակցության արդյունքում համաձայնություն ձեռք բերվեց այս ամսվա ընթացքում հանդիպումները շարունակելու շուրջ, որպեսզի ամփոփվեն և ավարտին հասցվեն ռազմավարության նպատակները և գործողությունների ծրագիրը։ Խորհրդատվական խմբի անդամները, միաժամանակ, հանձն առան ներկայացնել կարծիքներ՝ կարիքների գնահատման հաշվետվության վերաբերյալ, առաջարկություններ առաջնահերթությունների և տեսլականի նախապատրաստման համար, ինչպես նաև մասնակցել մայիսի 14-ին ֆեյսբուքյան խմբում կազմակերպվող առցանց քննարկմանը։

Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը։