Վահեի արյունն ու թիկնապահի ‘ավյունը’

Ռազմական բժիշկ, երկու երեխաների հայր Վահե Ավետյանի դաժան սպանությունից անցել է մոտ երկու ամիս: Հասարակությունը պահանջում է տեղի ունեցած ոճրագործության լիարժեք բացահայտում, իսկ Վահե Ավետյանի իրավահաջորդի շահերը ներկայացնող փաստաբանները տեւական ժամանակ է ահազանգում են, որ քննությունն իրականացնող ոստիկանությունը այն վարում է օրենքի բազմաթիվ խախտումներով եւ ձգձգում է քննությունը:

Ոստիկանությունն առայժմ չի կարողանում համոզիչ հակափաստարկներ ներկայացնել, ինչը հասարակության մոտ խորացնում է կասկածը, որ քննության մարմինը փորձում է ինչ որ բան կոծկել, փորձում է ժամանակ շահել, մինչեւ որ հանրությունը որոշակիորեն կհոգնի, կամ կմոռանա կատարվածը, կթուլացնի ուշադրությունը, ինչի շնորհիվ հնարավոր կլինի գուցե ինչ-ինչ մարդկանց ազատել պատասխանատվությունից:

Այն, որ ոստիկանությունը առնվազն զգալի ջանքեր չի գործադրում գործի լիարժեք բացահայտման համար, թերեւս ակամայից հաստատեց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, նախաքննության մարմնին՝ այսինքն ոստիկանությանը, հորդորելով Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբաններին գործի հետ ծանոթանալու համար տալ 5 օր ժամանակ: Մինչդեռ, ոստիկանությունը տալիս էր ընդամենը 1 օր եւ խոսում “ժամանակը գնաց” տրամաբանությամբ, այն դեպքում, երբ փաստաբանները նշում էին, որ դա խիստ անբավարար ժամանակ է ավելի քան 1000 էջանոց գործին հանգամանալից ծանոթանալու եւ պատրաստվելու համար:

Ընդհանուր առմամբ հասկանալի է, թե ինչն է դրված նժարին. մի կողմում Վահե Ավետյանի արյունն է եւ պատասխանատվությունը դրա համար, մյուս կողմում “թիկնապահների ավյունն” է: Եթե լինի լիարժեք պատիժ, օրենքի ամբողջ խստությամբ, ապա դա կարող է խարխլել իշխող համակարգի կարեւորագույն հիմքերից մեկը՝ թիկնապահի ինստիտուտը, թիկնապահի վստահությունը համակարգի, իր հովանավորների, իր տանիքի հանդեպ: Խնդիրը միայն Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները չեն, այլ մյուս օլիգարխներին ընդհանրապես:Կարդալ ավելին