Ցմահ դատպարտյալ Տիգրան Ավետիսյանի պաշտպանը պատրաստ է դատարանի որոշումը բողոքարկել

«Վահան Հովհաննիսյան+30» գործով ցմահ դատպարտյալ  Տիգրան Ավետիսյանի  պաշտպանը պատրաստ է դատարանի որոշումը բողոքարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Տիգրան Ավետիսյանը  պահանջում է իրեն պայմանական վաղաժամկետ ազատ արձակել կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինել, մինչդեռ քրեակատարողական հիմնարկը, որտեղ իր պատիժն է կրում դատապարտյալը,  նրան այս ցանկում չի ներկայացրել՝ ցածր միավոր ունենալու պատճառաբանությամբ։ Տիգրան Ավետիսյանն էլ բողոքարկել է քրեակատարողական հիմնարկի ու պրոբացիոն ծառայության տված զեկույցները՝ գտնելով, որ դրանք անհիմն են ու պահանջել է բավարարել իր՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու հարցը։

Տիգրան Ավետիսյանի փաստաբան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Կարլեն Գրեյանը «Արմենպես»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ հունիս 5-ին ՀՀ ԱՆ «Արթիկ » ՔԿՀ-ում տեղի է ունեցել արտագնա դատական նիստ՝ Տիգրան Վարդգեսի Ավետիսյանի պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան չներկայացնելու որոշման դեմ իր կողմից ներկայացված դիմումի քննության վերաբերյալ:

Որպես միջնորդության հիմք, ներկայացվել է այն հանգամանքը, որ մոտ 25 տարի ազատազրկման մեջ գտնվելու ընթացքում Տիգրան Ավետիսյանն ունեցել է ընդամենը 8 տույժ, որոնցից վերջինը եղել է 2016 թվականին, իսկ վերջին 3 տարիների ընթացքում ընդհանրապես տույժ չի ունեցել: «Բացի այդ, Տիգրան Ավետիսյանը սկզբում իր պատիժը կրել է փակ ուղղիչ  հիմնարկում, ապա կիսափակ, կիսաբաց, իսկ դա վկայում է անձի դրական պահվածքի մասին։ Տիգրան Ավետիսյանը երբևէ հաշվառումներով չի անցել, դա նույնպես դրական վարքագիծ էր, որ դատարանը պետք է հաշվի առներ»,-նշում է փաստաբանը։ Հիշյալ միջնորդությունը, սակայն, դատարանը մերժել է:

Պաշտպանը  այս պահին սպասում է դատարանի որոշմանը ու հիմքերին ծանոթանալուց հետո կդիմի ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: