Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Վանաձորում բնակվող 53-ամյա մի տղամարդ հունիսի 11-ին կամավոր հանձել է «Կալաշնիկովի» գնդացիր, փամփուշտների ժապավեններ, տարբեր տրամաչափի 220-ից ավելի փամփուշտ և այլն ու հայտնել, որ իրենն են, ձեռք է բերել տարիներ առաջ և պահել նկուղում։
Դարձյալ հունիսի 11-ին Գյումրում բնակվող 30-ամյա մի տղամարդ ոստիկանության Մուշի բաժնում կամավոր հանձնել է ինքնաձիգ, ինքնաձիգի պահեստատուփ և 5,45 մմ տրամաչափի հիսունից ավելի փամփուշտ, որոնք, ըստ նրա՝ պատկանել են հանգուցյալ հորը։
Բամբակաշատ գյուղում բնակվող 26-ամյա մի երիտասարդ ոստիկանության Արմավիրի բաժնում կամավոր հանձնել է տարներ առաջ մահացած հորը պատկանած «Շմայսեր» տիպի ինքնաձիգը, որը գտել է տան նկուղում։
Թմբուկավոր ատրճանակ ու 5,45 մմ տրամաչափի 40-ից ավելի փամփուշտ ոստիկանության Գավառի բաժնում կամավոր հանձել է Գեղարքունիք գյուղի բնակիչ, 47-ամյա մի տղամարդ։ Նրա հայտնածով՝ հրազենն ու փամփուշտները պատկանել են հանգուցյալ հորը։
Հունիսի 11-ին Ջերմուկ քաղաքի 48-ամյա մի բնակիչ ոստիկանության Ջերմուկի բաժնում կամավոր հանձենել է «ՏՕԶ» տիպի հրացան, փամփշտատուփեր, տարբեր տրամաչափի 300-ից ավելի փամփուշտ և այլն։ Տղամարդու հայտնածով՝ դրանք իրենն են, ձեռք է բերել տարիներ առաջ ու պահել։
Սիսիան քաղաքի 53-ամյա մի բնակիչ ոստիկանության Սիսիանի բաժնում կամավոր հանձնել է տարիներ առաջ ձեռք բերած թմբուկավոր ատրճանակը, որը պահել էր կարտոֆիլի հորում։
Նռնակները, նռնակների պայթուցիչները, ծխային քողարկիչ փաթեթները, ինքնաձիգի պահեստատուփն ու տարբեր տրամաչափի 90-ից ավելի փամփուշտը ոստիկանության Աշտարակի բաժնում կամավոր հանձնել է Ուջան գյուղի բնակիչներից մեկը։
Առանց գործարանային համարի ատրճանակն ու 7,62 մմ տրամաչափի 80 փամփուշտը ոստիկանության Մալաթիայի բաժնում կամավոր հանձնել է Երևանի բնակիչ, 37-ամյա մի տղամարդ, որի հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ ընկերոջը։
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։
Ոստիկանությունը հիշեցնում է՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։