Լիլիթ Մակունցը ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի հետ հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Քննարկել ենք հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն առնչվող օրակարգային հարցեր։ Որպես «Իմ քայլը» խմբակցության ղեկավար՝ դեսպանին ներկայացրել եմ մեր երկրում ընթացող ներքին քաղաքական զարգացումները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել իրականացվող օրենսդրական փոփոխություններին, մասնավորապես «Տեսալսողական մեդիայի մասին» օրինագծով առաջարկվող կարգավորումներին, Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձություններին։

Երկկողմ հարաբերությունների առաջմղման համատեքստում կարեւորվել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ ընդգծելով հատկապես կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ստեղծված իրավիճակում ընթացիկ հարցերը խորհրդարանական դիվանագիտության ճանապարհով կարգավորելու հանգամանքը։

Այս առումով ընդգծվել է համաճարակի դեմ պայքարում Հայաստանի եւ Ռուսաստանի համատեղ ջանքերի կարեւորությունը։ Մտքեր են փոխանակվել այս օրերին կանոնավոր ավիափոխադրումների բացակայության պայմաններում ՀՀ եւ ՌԴ քաղաքացիների՝ իրենց երկրներ վերադարձի ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերի մասին»։