Ադրբեջանը կրակոցներ է արձակել «Տավուշ Տեքստիլ»-ի ուղղությամբ. գործարանը ոչ մի վնաս չի կրել

Ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել «Տավուշ Տեքստիլ»-ի ուղղությամբ, գործարանը ոչ մարդկային, ոչ նյութական վնասներ չի կրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց «Տավուշ Տեքստիլ»-ի տնօրեն Միքայել Եզեկյանը:

«Մոտավորապես ժամը 11:00-ի հատվածում 120 միլիմետրանոց տրամաչափի ականանետից 4 հարված է եղել մեր ուղղությամբ: Ոչ մի վնաս չենք կրել՝ ոչ նյութական, ոչ մարդկային»,-ասաց տնօրենը:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հուլիսի 13-ի երեկոյան հերթափոխի աշխատակիցները չեն աշխատել: «Աշխատակիցները խնդրում էին աշխատել, բայց մեր որոշումն այն էր, որ անվտանգությունն ամենակարևորն է, նրանց տուն ենք ուղարկել՝ հասկանալով իրավիճակը»,-ասաց տնօրենը:

Տնօրենի խոսքով՝ հիմա ոչ մի խնդիր չկա: «Մեր տղաներն իրենց դիրքը պահել են, իրենց գործը կատարում են, մենք էլ թիկունքում տղաների մեջքին կանգնած ենք, ամեն ինչ լավ է»,-նշեց նա:

Այսօր՝ հուլիսի 14-ի երեկոյան հերթափոխի աշխատակիցներն արդեն կաշխատեն:

Բերդի տարածաշրջանի Չորաթան համայնքում գտնվող «Տավուշ Տեքստիլ»-ը կորոնավիրուսի շրջանում արտադրում է նաև պաշտպանիչ դիմակներ: