Զորակոչի մեկնարկից ի վեր կորոնավիրուս է ախտորոշվել մոտ 30 զորակոչիկի մոտ

Հայաստանում զորակոչի մեկնարկից՝ հուլիսի 1-ից ի վեր, նոր տեսակի կորոնավիրուս է ախտորոշվել մոտ 30 զորակոչիկի մոտ։ Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը՝ ավելացնելով, որ զորակոչիկներից 13-ն արդեն ապաքինվել է։ 

«Զորակոչիկները մեկուսացվել են, ստանում են համապատասխան բուժում և ապաքինվելուց հետո կհամալրեն ԶՈՒ շարքերը»,- ասաց Ստեփանյանը։

Կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված՝ զինված ուժերի տարածքային ստորաբաժանումներում եւ հանրապետական հավաքակայանում զորակոչային աշխատանքներն ընթացել են խստորեն պահպանելով հակահամաճարակային բոլոր միջոցառումները:

Հավաքակայանում գործել է հատուկ կահավորված լաբորատորիա՝ կարճ ժամկետում զորակոչիկների արյան հետազոտության պատասխաններն ստանալու եւ կասկածելի արդյունքների դեպքում զորակոչիկներին հատուկ կահավորված սենյակներում արագ մեկուսացնելու եւ կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում անցկացնելու նպատակով: