«Լիդիան Արմենիա» ընկերությունը դատական հայց է ներկայացրել ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ

«Լիդիան Արմենիա» ընկերությունը զրպարտության համար հայցադիմում է ներկայացրել Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ` վերջինիս կողմից հարցազրույցի ընթացքում «Լիդիանի» Ամուլսարի ծրագրի վերաբերյալ արտահայտությունների համար։ Այդ մասին տեղեկացրել է ընկերությունը։

Բաբաջանյանը, Ամուլսարի ծրագրի մասին խոսելիս, մասնավորապես, «կոռուպցիոն և հանցավոր ճանապարհով ձեռք բերված թույլտվություններ», «նախկին կոռուպցիոն շղթաներով ամբողջությամբ կազմակերպած այդ հանցավոր գործարքը՝ Ամուլսարի, Լիդիանի» և նման արտահայտություններ է հնչեցրել։

Ընկերության փոխանցմամբ, ընդգծված արտահայտությունները զրպարտություն են, ոչ մի աղերս չունեն իրականության հետ և նպատակ ունեն արատավորելու ընկերության գործարար համբավը: Ավելին, ըստ ընկերության հաղորդագրության, նման հայտարարությունները ոչ միայն չեն ապացուցվել ավելի քան երկու տարվա ընթացքում, այլև առանձին դեպքերում դատարանի կողմից արդեն իսկ որակվել են որպես զրպարտություն։

«Արման Բաբաջանյանի պարագայում նման անպատասխանատու հայտարարությունների փաստն առավել մտահոգիչ է, քանի որ խոսքը ոչ թե ակտիվիստի կամ ցուցարարի մասին է, այլ ՀՀ օրենսդիր իշխանությունը ներկայացնող և օրինաստեղծ գործունեությամբ զբաղվող ԱԺ պատգամավորի»,- ասվում է հայտարարության մեջ։