Վարչապետն ընդունել է «Լույս» հիմնադրամի ուսանողներին

Վարչապետն ընդունել է «Լույս» հիմնադրամի ուսանողներին
Վարչապետն ընդունել է «Լույս» հիմնադրամի ուսանողներին

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում ընդունել է «Լույս» հիմնադրամի կրթաթոշակակիրներին և շրջանավարտներին: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական հաղորդագրությունը:

«Պետությունը ձեզ աջակցում է սովորելու աշխարհի լավագույն տասը համալսարաններում, որպեսզի այնտեղ առկա լավագույն փորձը և գիտելիքները ծառայեցնեք ի նպաստ մեր երկրի զարգացմանը», – ողջույնի խոսքում ընդգծել է Տիգրան Սարգսյանը: 

Կառավարության ղեկավարն անդրադարձել է արդի աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին և այդ համատեքստում Հայաստանի զարգացման միտումներին ու հեռանկարներին: Վարչապետ Սարգսյանը նշել է, որ ժամանակակից աշխարհում կարևորագույն ռեսուրսը գիտելիքն է, ինչը հնարավորություն է տալիս արագ փոփոխվող և փոքրացող աշխարհում ձեռք բերել մրցակցային առավելություններ և զարգանալ: 
Հանդիպման ժամանակ ծավալվել է մտքերի փոխանակություն, որի շրջանակում հարցուպատասխանի միջոցով վարչապետը և «Լույս»-ի ուսանողները քննարկել են Հայաստանի զարգացման տեսլականը և մարտահրավերները: Մասնավորապես, արծարծվել են տնտեսության զարգացմանը, կրթության և գիտության ոլորտի բարեփոխմանը, տարածքային համաչափ զարգացման ապահովմանը, մտածելակերպի փոփոխությանը, ինչպես նաև ուսանողներին հուզող մի շարք այլ հարցեր:

Տիգրան Սարգսյանը նաև ողջունել է «Լույս»-ի ուսանողների կողմից «Զարգացնենք Հայաստանը» ծրագրի շրջանակում մեր երկրի տարբեր համայնքներում հաջողված նախաձեռնությունների իրականացումը և հորդորել շարունակել այդ աշխատանքը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական հաղորդագրությունը: 

© Medialab.am