«Իմ քայլը» հիմնադրամի ջանքերով վերանորոգված երկու դպրոցի մարզադահլիճները պատրաստ են նոր ուսումնական տարվան

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի օրվա առիթով, տեղի է ունեցել Արմավիրի մարզի Տանձուտ և Այգեշատ համայնքների միջնակարգ դպրոցների վերանորոգված և կահավորված մարզադահլիճների, հանդերձարանների, սանհանգույցների ու հարակից տարածքի բացման արարողությունը:

Երկու համայնքի 470 աշակերտ, 53 ուսուցիչ ու 3877 բնակիչ անհամբերությամբ սպասում էին այս օրվան. նրանց երազանքն արդեն իրականություն է: «Իմ քայլը» հիմնադրամի համար առաջնային նպատակ դարձած ծրագրի հիմքում առողջ և արժևորված սերունդ ունենալու հաստատակամությունն է:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետի տիկին, ԻՄ ՔԱՅԼԸ  և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների  հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, «Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանը, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի կոմերցիոն տնօրեն Վաչե Մանուկյանը և Հիմնադրամի բարերարներ:

Ներկաները շրջայց են կատարել երկու դպրոցում, ծանոթացան կատարված աշխատանքին: Պաշտոնական միջոցառմանը հաջորդեց «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ֆիզիկական պատրաստվածության իտալացի մարզչի և դպրոցի աշակերտների մասնակցությամբ ցուցադրական խաղ-վարժանքը:

Հիշեցնենք, որ ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» ծրագիրը նախատեսում է դպրոցների մարզադահլիճների և սանհանգույցների վերանորոգում և կահավորում, «Ֆիզիկական կուլտուրա» առարկան և «Առողջ ապրելակերպ» դասընթացը դասավանդող ուսուցիչների կարողությունների զարգացում, առողջ ապրելակերպի իրազեկման արշավներ: Ծրագրի շահառուներն ընտրվելու են Հիմնադրամի մշակած՝ դպրոցներում առողջ ապրելակերպի պայմանների գնահատման առցանց գործիքը լրացնելուց հետո՝ ըստ Ծրագրի չափորոշիչների։

Ծրագիրը միտված է խթանելու ֆիզիկական կրթությունը, հանրայնացնելու ֆիզիկական ակտիվության և առողջ ապրելակերպի մշակույթը, նպաստելու վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, ակտիվացնելու համայնքային կյանքը: Տանձուտ ու Այգեշատ դպրոցների վերանորոգման աշխատանքները համաֆինանսավորել է «Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակը:

Ի լրումն այսօրվա միջոցառման՝ ուրախությամբ ազդարարում ենք, որ Ծրագրում արդեն իսկ ընդգրկվել են նոր դպրոցներ:

Այդ մասին տեղեկացնում են «Իմ քայլը» հիմնադրամից։