Հրազդանում տղամարդը տնից վերցրել էր նռնակի պայթուցիչ, միայնակ նստել էր բակի տաղավարում և պայթեցրել այն․ ոստիկանություն

Հուլիսի 11-ին, ժամը 19.45-ին, «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում էր ստացվել, որ «ստորին վերջույթների բեկորային վիրավորում, գլխի սալջարդ ու գանգուղեղային վնասվածք» ախտորոշումով բուժօգնության է տեղափոխվել Կենտրոն թաղամասի բնակիչ, 42-ամյա մի տղամարդ:

Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ահազանգից մոտ կես ժամ առաջ, գտնվելով ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ, տղամարդը տնից վերցրել էր նռնակի պայթուցիչ, միայնակ նստել էր բակի տաղավարում և պայթեցրել այն:

Ոստիկանները դեռ հնարավորություն չեն ունեցել զրուցելու 42-ամյա տղամարդու հետ. ըստ բժշկի տեղեկանքի` նա ի վիճակի չէ բացատրություն տալու:

Քննությամբ կպարզվի` պայթյունը դիտավորությա՞ն, թե՞ անզգուշության հետևանք էր: Բայց այս դեպքը ևս մեկ առիթ է հորդորելու մեր հայրենակիցներին` հանձնել ապօրինի պահվող զենքն ու զինամթերքը:
Նյութերի նախապատրաստման ընթացքում իրավապահները պարզել են, որ վնասվածքներ ստացած տղամարդը պայթուցիչը բերել էր Արցախից: Ու ոչ միայն պայթուցիչը: Նրա տնից հայտնաբերվել են պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված բրեզենտե պայուսակներ, որոնց մեջ կար 3 նռնակ, նռնակի երեք պայթուցիչ և 119 փամփուշտ:
Զինամթերքը փաթեթավորվել և կնիքվել է` փորձաքննության ուղարկելու համար: Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են: